«Բուշեր» ԱԷԿ-ից տարհանվածների թռիչքը նախատեսվում է Երևանից․ Լիխաչով
04 Ապրիլի 2026, 18:00
Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից տարհանված ռուս մասնագետների հետագա թռիչքը նախատեսվում է իրականացնել Երևանի օդանավակայանից։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Այսօր Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների, որի հետևանքով զոհվել է մեկ աշխատակից։
Լիխաչովի խոսքով՝ այսօր «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքից սկսվել է ռուս մասնագետների տարհանման հիմնական փուլը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել կայանին հասցված հարվածից մոտ 20 րոպե անց, երբ 198 ռուս մասնագետներով ավտոբուսները շարժվել են դեպի իրանա-հայկական սահման։
«Ավանդաբար մեզ համար շատ հարմար է համագործակցությունը նաև Հայաստանի կառավարության հետ, քանի որ մեր գործընկերները նախատեսում են տարածաշրջանից հեռանալ Երևանի օդանավակայանից»,- նշել է Լիխաչովը։