Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանն աբստրակցիա է․ Ստանիսլավ Միտրախովիչ
23 Ապրիլի 2026, 21:30
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Միտրախովիչը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին։
Միտրախովիչի կարծիքով՝ Հայաստանի մուտքը ԵՄ անիրատեսական է, քանի որ անդամակցության հերթում կան այլ թեկնածու երկրներ, որոնց հարցը դեռևս լուծված չէ։
«Ուզում եմ ասել, որ այս պահին Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու քննարկումն ունի աբստրակտ բնույթ։ Նախ և առաջ պետք է ընդունվեն նախկին Հարավսլավիայի երկրները, որոնք մինչ օրս Եվրամիության անդամ չեն դարձել՝ Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան և այլն։ Նույնիսկ այդ կետին չեն հասել, ուր մնաց խոսել այն երկրների մասին, որոնք գտնվում են այդ տարածաշրջանից դուրս։ Հետևաբար, կարծում եմ, որ սա առայժմ զուտ աբստրակցիա է։
Ինչ վերաբերում է այդ աբստրակցիան իրականություն դարձնելու փորձերին, եթե դրանք տեղի ունենան, ապա տնտեսական կորուստներն անխուսափելի կլինեն առնվազն շատ երկար ժամանակով։ Իսկ թե երբ կավարտվի այդ շրջանը, դա արդեն ներկայիս ռացիոնալ պլանավորման հորիզոնից շատ հեռու է»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։