TRIPP նախագիծը չպետք է սպառնալիք դառնա Իրանի համար․ Հայաստանում Իրանի դեսպան
30 Հոկտեմբերի 2026, 19:58
«Մենք բաց և հստակ արտահայտել ենք մեր մտահոգությունները TRIPP նախագծի հնարավոր սցենարների առնչությամբ։ Միևնույն ժամանակ վստահ ենք, որ կառուցողական մթնոլորտում կկարողանանք համատեղ կառավարել այս առումով ցանկացած մարտահրավեր»։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մեզ համար կարևոր է, որ TRIPP նախագծի կամ ցանկացած այլ հարցի քննարկման ընթացքում հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Կարևոր է նաև, որ որևէ երրորդ կողմ չկարողանա մարտահրավերներ ստեղծել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական հարաբերությունների համար։ Մենք հավատարիմ ենք մնալու այս մոտեցմանը երկու երկրների միջև քննարկումների և հետագա աշխատանքների ընթացքում։ Վստահ եմ, որ մշտական շփումների արդյունքում կկարողանանք լուծել ցանկացած հարց»,- նշել է Շիրղոլամին։
Նա հավելել է, որ Իրանը ցանկանում է ստեղծել ձևաչափ, որի շրջանակում հնարավոր կլինի քննարկումներ անցկացնել Հայաստանի հետ։ Դիվանագետի համոզմամբ՝ դա կօգնի ցանկացած խնդիր ի հայտ գալուն պես արագ լուծել։
«Մենք կանխակալ մոտեցում չունենք, սակայն ունենք լուրջ մտահոգություններ։ Հայաստանից ակնկալում ենք հավաստիացումներ, որ Իրանի և Հայաստանի սահմանին օտարերկրյա ուժեր չեն լինի, և ոչ ոք սահմանային ու հարակից տարածքներում չի կարողանա սպառնալիք ստեղծել Իրանի համար։ Հայաստանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հավաստիացրել են, որ նման նախադեպեր չեն լինի։ Հենց այս հարցում փոխադարձ վստահությունն ենք ընկալում որպես երաշխիք, որ այս նախագիծը չի շեղվի իր ընթացքից և սպառնալիք չի դառնա Իրանի համար»,- ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է նաև, որ նախագծի տեխնիկական հարցերը քննարկման փուլում են, և կարևոր է, թե դրա իրականացման ընթացքում ինչ մեխանիզմներ են կիրառվելու, քանի որ հենց այդ մեխանիզմների հիման վրա են ձևավորվում երաշխիքները, որ նախագծի շրջանակում կպահպանվեն Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքները։
«Հենց այս մեխանիզմները պետք է երաշխավորեն, որ չի ստեղծվի որևէ միջանցք, որը դուրս կլինի երկրի իրավազորությունից։ Կարևոր են նաև երաշխիքները, որ նախագծի շրջանակում օտարերկրյա ուժեր ներգրավված չեն լինի։ Հուսով ենք՝ կառավարությունն այս մեխանիզմները մշակելիս ցուցաբերելու է զգոն և զգուշավոր մոտեցում՝ ի շահ Հայաստանի»,- եզրափակել է դեսպանը։