Հայոց ցեղասպանությունը շարունակվում է մինչև այսօր․ Արթուր Սողոմոնյան
24 Ապրիլի 2026, 00:27
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Ռայմոնդ Գևորգյանի «Ցեղասպանության ավարտը․ Մուստաֆա Քեմալը և փրկված հայերի ու հույների ոչնչացումը (1918–1922 թթ.)» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել գիտության, մշակույթի, բիզնեսի գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչներ։
«Ցեղասպանությունը չի ավարտվել 1915 թվականին։ Այն շարունակվել է մինչև 1923 թվականը, երբ հայկական Կիլիկիան ոչնչացվեց։ Ինձ թվում է՝ այս գիրքը կարդալուց հետո շատ բան կիմանաս և, կարծում եմ, աշխարհին մի փոքր այլ կերպ կնայես»,- Alpha News-ին ասել է Նարեկացի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Սողոմոնյանը։
Սա նշանավոր պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի՝ Հայոց ցեղասպանության թեմայով առաջին գիրքը չէ։ 2006 թվականին լույս է տեսել նրա հիմնարար ուսումնասիրությունը՝ «Հայոց ցեղասպանություն․ ամբողջական պատմություն» աշխատությունը, որը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն և պարսկերեն։ Ռայմոնդ Գևորգյանի նոր գրքի ռուսերեն թարգմանությունը հնարավոր է դարձել «Անիվ» հայագիտական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի, Նարեկացի ինստիտուտի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։
«Մեր բոլոր աշխատանքները հիմնված են փաստերի հավաստիության և իրադարձությունների իրական պատկերի վրա։ Սա Նարեկացի ինստիտուտի սկզբունքն է, քանի որ այսօր ամբողջ հայկական ժառանգությունը ենթարկվում է բարբարոսական հարձակումների մեր ընդդիմախոսների ու թշնամիների կողմից, մեր պատմությունից շատ բան գողացվում է, իսկ մենք մեր աշխատանքներով փորձում ենք պահպանել հայկական ժառանգությունը, հավաքել այն և հասանելի դարձնել հայերին»,- ընդգծել է Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ ցեղասպանությունը շարունակվում է մինչև այսօր, և քանի դեռ հայերը չեն հասել դրա լիակատար ճանաչմանը և այն կազմակերպողների պատասխանատվությանը, ցավոք, այն շարունակվելու հավանականություն ունի։