«Լազարյան ակումբ»-ի նիստում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը

28 Ապրիլի 2026, 21:50

Քաղաքականություն

Մոսկվայում՝ «ՄոնԱրխ» հյուրանոցում, կայացել է միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» յոթերորդ նիստը։ Նիստի թեման էր՝ «Հայաստանը և Ռուսաստանը փոփոխվող աշխարհում․ քաղաքակրթական ընտրություն և ապագայի սցենարներ»։

Նիստը սկսվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, ինչպես նաև արվեստագետներ։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ, «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանում իրականացվում է հարձակում խղճի ազատության դեմ և ճնշումներ են գործադրվում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

«Հայաստանի իշխանությունները շարունակական հարձակում են իրականացնում խղճի ազատության, հավատացյալների իրավունքների և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, որը ենթարկվում է հալածանքների։ Կարծում եմ՝ ինչ էլ այսօր քննարկենք, պարտավոր ենք եզրափակիչ փաստաթղթում արտահայտել մեր վերաբերմունքն այն փաստին, որ աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին այսօր ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ իշխանությունն ու նրա ներկայացուցիչներն Ազգային ժողովում, ընտրությունների գնալով՝ նկատի ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իրենց ծրագրային փաստաթղթերում ամրագրել են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդության դեմ հետագա հաշվեհարդարի միջոցներ։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունը պատերազմ է հայտարարել եկեղեցուն», — նիստի բացմանն ասել է Զատուլինը։

Միջոցառմանը նաև տեսաուղերձով հանդես է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որտեղ նա հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են լուրջ վտանգի տակ։