Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Փաշինյանին նախընտրական «նվերներ» անել. Սամվել Կարապետյան
06 Մայիսի 2026, 22:58
«Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է, թե ինչպես հնարավորինս արագ ազատվեն Փաշինյանի իշխանությունից: Նրանք դժգոհ են, որ անցած ութ տարիների ընթացքում իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել Արարատյան դաշտի ժողովրդի կյանքը բարելավելու համար»,- այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ի՞նչն է մարդկանց ամենաշատն անհանգստացնում։
Նրա խոսքով՝ իր համար զարմանալի էր, որ Արարատյան դաշտում մշակվում են գյուղատնտեսական հողերի ընդամենը 10 տոկոսը:
«Մարդիկ չեն հասկանում, թե ինչպես կարող են իրացնել իրենց արտադրանքը: Շատերին դուր էր եկել մեր գաղափարը՝ ստեղծել մթերման կետեր, որտեղ նրանք արդեն տարվա սկզբում կկարողանան հաշվարկել իրենց շահույթը: Մեր առաջարկների իրականացման արդյունքում ժողովրդի կյանքը զգալիորեն կլավանա»,- ընդգծել է Կարապետյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հայտարարություններին՝ նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Փաշինյանին նախընտրական «նվերներ» անել:
«Նախընտրական փուլում թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Փաշինյանին «նվերներ» են անելու, քանի որ դրանից է կախված նրա հետագա ընտրվելու հնարավորությունները: Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից։ Մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր։ Եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից տուժում է, մտցնելու ենք սահմանափակումներ։ Միայն Հայաստանի և հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցելու»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը: