Գլենդելի հայերը պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը և մասնակցեն ընտրություններին․ Քասախյան

Հունիսի 2-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում սպասվում են քաղաքային խորհրդի անդամի ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցելու է 12 թեկնածու, որոնցից 9-ը հայեր են։

Alpha News-ն այսօր զրուցել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի հետ։

«Գլենդելն ունի մոտավորապես 197․000 բնակիչ, որից 100․000-ն իրավունք ունի քվեարկելու։ Բայց ընտրություններին մասնակցում է մոտավորապես 60․000 բնակիչ։ Նրանց մեջ հայ քվեարկողների քանակը շատ փոքր է»,- նշել է քաղաքապետը։

Արտաշես Քասախյանի խոսքով՝ լավ է, երբ համայնքը փորձում է զարգացնել հայկական մշակույթը, բայց Գլենդելում ապրելով՝ նրանք պետք է հետևեն նաև իրենց քաղաքական պարտականություններին, օրինակ՝ մասնակցեն ընտրություններին։

«Ես կարծում եմ, որ լավ հայ լինելը նշանակում է լավ ամերիկացի լինել, և լավ ամերիկացի լինելը նշանակում է լավ հայ լինել։ Արցախի անկախության շարժումը ես միշտ նմանեցնում եմ Ամերիկայի անկախության շարժման հետ։ Երկու դեպքում էլ պայքարը մարդկային իրավունքների պաշտպանության համար էր»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։