Ռուսաստանը Հայաստանին չի ստիպում մնալ ԵԱՏՄ-ում. քաղաքագետ
11 Մայիսի 2026, 17:30
ԵԱՏՄ-ի հարցում Ռուսաստանը Հայաստանին երկընտրանքի առաջ չի կանգնեցրել, այլ արձագանքում է հենց Հայաստանի իշխանությունների հայտարարություններին և քաղաքական ուղեգծին։ Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Հայաստանում դժգոհում են Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունից, թե պետք է հստակեցնել՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, թե ոչ։
«Եթե նախկինում Ռուսաստանին մեղադրում էին, թե նա բռնի պահում է Հայաստանին ԵԱՏՄ կազմում, ապա հիմա Ռուսաստանը պարզապես առաջարկում է հստակեցնել հարաբերությունները և գործել պայմանավորվածությունների շրջանակում»,- նշել է Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական հայտարարությունները միշտ չէ, որ ամբողջությամբ արտացոլում են իրական քաղաքականությունը, սակայն դրանք կարևոր ուղերձներ են պարունակում։
«Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի ստիպում Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում։ Միաժամանակ կարծում եմ, որ ներկայիս պայմաններում դա բխում է Հայաստանի շահերից։ Այս պահին Հայաստանը չունի լիարժեք ձևավորված այլընտրանքներ, իսկ Ռուսաստանը չի պատրաստվում «երկրորդ պլանի դեր» ստանձնել՝ մինչև Հայաստանը փորձի կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ և որոշի իր հետագա քայլերը»,- եզրափակել է Պողոսյանը: