Դիմանկարի վարպետը․ Թեոդոր Աքսենտովիչ
13 Մայիսի 2026, 22:00
Լեհահայ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչը ծնվել է 1859 թվականի մայիսի 13-ին Բրաշովում ՝ հայկական Տեր-Աքսենտների տոհմից սերող ընտանիքում: 1879-1882 թվականներին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ ստացել է դասական ակադեմիական կրթություն։
Ավելի ուշ՝ 1882–1895 թվականներին, նա կրթությունը շարունակել է Փարիզում՝ հայտնի դիմանկարիչ Կարոլյուս-Դյուրանի ղեկավարությամբ։ Փարիզում Աքսենտովիչը համագործակցել է Le Monde Illustré, L’Illustration և Figaro ամսագրերի հետ՝ ստեղծելով նկարազարդումներ և մեծ վարպետների՝ Բոտիչելլիի և Տիցիանի ստեղծագործությունների կրկնօրինակները։ Նա համարվում է իր ժամանակների լավագույն կրկնօրինակողը:
1895 թվականին նկարիչը տեղափոխվել է Կրակով, որտեղ դարձել է Գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր, իսկ 1910 թվականին ընտրվել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։ 1897 թվականին նա հիմնադրել է կանանց համար նախատեսված նկարչական դպրոց, ինչը կարևոր քայլ էր Լեհաստանում գեղարվեստական կրթության զարգացման գործում։ Բացի այդ, նա «Sztuka» ընկերության հիմնադիրներից էր, որը ներկայացնում էր լեհական արվեստը միջազգային ցուցահանդեսներում։
Աքսենտովիչի ստեղծագործությունը զարգացել է երկու հիմնական ուղղությամբ․ նա ճանաչված դիմանկարիչ էր, ստեղծում էր նուրբ ու շքեղ կանացի դիմանկարներ, ինչպես նաև պատկերում էր առօրյա կյանքի տեսարաններ, որոնք նաև ներշնչված էին լեհահայերի մշակույթից։
Նրա հայտնի գործերից են «Հորդանանի տոն»-ը, «Կոլոմեյկա»-ն, «Գարուն»-ը (1900 թ․)։ Հայկական թեմաներով գործերից են «Հայաստանի մկրտությունը», «Լվովի հայկական եկեղեցու որմնանկարները», հայուհիների դիմանկարները և այլ կտավներ: Նրա աշխատանքներից ցուցադրվում են նաև Հայաստանի ազգային պատկերասրահում:
Ի դեպ, 2010 թ. ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել Թ․ Աքսենտովիչին նվիրված 100 դրամանոց հուշադրամ։
Աքսենտովիչն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Եվրոպայի գեղարվեստական կյանքին․ նրա ցուցահանդեսները կայացել են Կրակովում, Վարշավայում, Լոնդոնում, Բեռլինում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում և Չիկագոյում։ Նա արժանացել է Լեհաստանի վերածննդի շքանշանին և ճանաչում է ստացել ինչպես Լեհաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Նկարիչը մահացել է 1938 թվականի օգոստոսի 26-ին Կրակովում և թաղվել Ռակովիցկի գերեզմանատանը։
Թեոդոր Աքսենտովիչը միավորել է ավանդույթն ու մոդեռնը, ակադեմիականությունն ու ազգային ինքնատիպությունը՝ դառնալով Լեհաստանի մշակութային ժառանգության կարևոր դեմքերից մեկը։