Սա սկիզբն է, Արցախյան շարժման նոր փուլ ենք մտնում. ամերիկահայ գործիչ
11 Օգոստոսի 2023, 22:20
Ավելի կտրուկ քայլերի են պատրաստվում դիմել ամերիկահայերը՝ Ադամ Շիֆից կամ մյուս կոնգրեսականներից պահանջելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի լուծման համար քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելով։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է լոսանջելեսահայ գործարար և համայնքային գործիչ Վռամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ամերիկահայերի բողոքի ակցիաներին։
«Արցախյան շարժման նոր փուլ ենք մտնում։ Նրանք, ովքեր կարծում են, որ մենք բարեկամություն ենք սկսելու և Արցախյան հարցը մեջտեղից դուրս է գալու, լուծված է լինելու, սխալվում են: Ո՛չ, եթե մենք մտնում ենք Արցախյան հարցի ձևավորման նոր փուլ, դա նշանակում է՝ սա սկիզբն է։ Մենք պետք է առաջ գնանք։ Դա կլինի լոբբինգով, ցույցերով, ավտոերթերով, թե Ադամ Շիֆի հետ հանդիպելով՝ միլիմետր առ միլիմետր պետք է առաջ գնանք։
Այս գործընթացը կարող է 10-ը կամ 30 տարի տևել, բայց մենք ժամանակ չունենք։ Այսօրվա հարցը լուծելու համար մենք ավելի կտրուկ քայլեր պիտի անենք, եթե Ադամ Շիֆը կամ մյուսները չեն ուզում ավելի կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել»,-ասել է Վռամ Մարտիրոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ամերիկահայերը պահանջում են, որ Ադամ Շիֆը և որոշ կոնգրեսականներ, ինչպես Ուկրաինա գնացին, նույն կերպ մեկնեն Արցախ ու իրենց աչքով տեսնեն ստեղծված իրավիճակը։
«Մեզ իրենց մեծ քաղաքական խաղերը չեն հետաքրքրում, այս պահին դա առանձին հարց է, մեզ առաջինը հետաքրքրում է ժողովրդի անվտանգությունը և առօրյա կարիքների ապահովումը։ Քանի որ ԱՄՆ պետությունը ստեղծված է մարդասիրական հիմքի վրա, պարտավոր են գնալ, պնդել ու անցնել մյուս կողմ՝ լինի սանկցիաներով, թե այլ ուղիներով»,-շեշտել է Վռամ Մարտիրոսյանը:
Համայնքային գործիչը կոչ է անում Սփյուռքի առաջնորդներին՝ միանալ իրենց, իսկ Հայաստանում բնակվողներին հորդորում է իշխանությունից պահանջել՝ դիմել կտրուկ քայլերի։
«Հայ ժողովրդին իմ կոչը սա է՝ ինչպես ամերիկահայությունն է պարտադրում իշխանությանը՝ բարձրաձայնել խնդիրը և լինել արցախահայության կողքին, նույն կերպ Հայատանի ժողովուրդը պետք է պարտադրի Փաշինյանի իշխանությանը, որ չմոռանան արցախահայության մասին։ 120 հազար արցախահայ կանգնած է ցեղասպանության առջև։ Պահանջե՛ք ձեր իշխանություններից ավելի կտրուկ քայլեր անել»,-եզրափակել է Վռամ Մարտիրոսյանը: