Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում, որ որևէ մեկը համարձակվեր խոսել ինքնության, եկեղեցու դեմ. Ռոբերտ Քոչարյան

14 Մայիսի 2026, 20:24

Քաղաքականություն

«Իշխանությունn ընտրությունների ժամանակ մանդատ է ստանում մեկ նպատակով՝ խոստումները կյանքի կոչելու համար, ուրիշ նպատակ չկա։ Այսօրվա իշխանությունը այդ մանդատի վերաբերյալ ունի յուրահատուկ վերաբերմունք: Այն չի կապում մանդատը տված խոստումների հետ»,- այսօր Երևանի Աջափնյակ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար։ «Ուրիշ բացատրություն այս ամենն ուղղակի չունի»։

Ռոբերտ Քոչարյանը նաև մեջբերեց մի արտահայտություն․ «Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, այլ ատում է նրան, ով չի կզացել։Եվ դրա համար է այդ մարդը մինչև այսօր ատում բոլոր պայքարող կերպարներին։ Սա մի բարդույթ է, որը խորը նստած է այդ մարդու մեջ, ենթադրում եմ, որ ի ծնե։ Դա տեսակ է և այդ տեսակն այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Խայտառակություն է»։

ՀՀ երկրորդ նախագահը խոսել է նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից։

«Հայաստանի պատմության մեջ ես չեմ հիշում, որ որևէ մեկը համարձակվեր խոսել ինքնության, Եկեղեցու դեմ: Ի՞նչ է ինքնությունը: Այն ինչ-որ բաների ամբողջություն է, որը մեզ հայ է դարձնում: Մենք ասում ենք հայ ենք, որովհետև պատկանում ենք Հայ Առաքելական եկեղեցուն, ծնվել ենք և ապրում ենք Հայաստանում,Արարատն ենք տեսնում»,- հավելել է Քոչարյանը: