Երաժշտությունը՝ որպես հիշողության զենք․ Ներսիկ Իսպիրյան

15 Մայիսի 2026, 22:00

Հայեր

Ներսիկ Իսպիրյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 15-ին՝ Երևանում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ՝ ոգեշնչվելով հայկական ավանդական մեղեդիներով։

Սովորել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 160 դպրոցում, որտեղ էլ առաջին անգամ ելույթ է ունեցել։ 1987-1992 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` միաժամանակ երգելով «Ակունք» ազգագրական համույթում։

Իր մասնագիտական գործունեությունը Իսպիրյանը սկսել է 1980-ականների վերջում։ Նրա առաջին ալբոմները՝ «Nersik Vol. 1»-ը (1987) և «Nersik Vol. 2»-ը (1988), անմիջապես արժանացել են ունկնդիրների ուշադրությանը։ Հետագայում նա ստեղծել է ավելի քան 30 հայրենասիրական երգ, որոնց թվում են՝ «Հայ ֆիդայիններ»-ը, «Արծիվ, սլացիր»-ը, «Մշեցի եմ», «Ղարաբաղ»-ը։

Նրա ստեղծագործության գլխավոր թեմաներն են Արևմտյան Հայաստանը, ազգային ինքնությունը և պատմական արդարությունը։ Նրա երգերում լայնորեն կիրառվում են հայկական ավանդական գործիքներ՝ դուդուկ, զուռնա և դհոլ, ինչը ստեղծագործություններին հաղորդում է ինքնատիպություն և հզոր հուզական ուժ։

1995 թվականին Իսպիրյանը ստիպված է եղել արտագաղթել ԱՄՆ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության ճնշումների պատճառով, որը հետապնդում էր ՀՅԴ-ի հետ կապ ունեցող գործիչներին։ Տեղափոխվելուց հետո էլ նա շարունակել է ակտիվ համերգային գործունեությունը, հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում։

Նրա ստեղծագործությունները մշտապես ունեցել են հստակ քաղաքական երանգ։ Իսպիրյանը բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը՝ հանդես գալով պատմական հիշողության պահպանման և հայ ժողովրդի միասնության օգտին։ Վերջին տարիներին նա բազմիցս անդրադարձել է Արցախի հարցին՝ քննադատելով ՀՀ իշխանությունների հայտարարությունները, որոնք, նրա կարծիքով, հակասում են ազգային շահերին։

Ներսիկ Իսպիրյանն ամուսնացած է, ունի երեք զավակ՝ Աշխենը, Անին և Արաբոն, որը շարունակում է ընտանիքի երաժշտական ավանդույթները։

Իսպիրյանը դարձել է հայրենասիրական երգի խորհրդանիշ, որը միավորում է հայկական սփյուռքին և նպաստում ազգային ինքնագիտակցության պահպանմանը։ Նրա երաժշտությունը հնչում է հանրահավաքներում, մշակութային միջոցառումներում և առօրյա կյանքում՝ պահպանելով իր արդիականությունը նաև այսօր։