«Լռության գրոսմայստերը». ինչպես Էլմիրա Կարապետյանը ներխուժեց հրաձգության համաշխարհային էլիտա
18 Մայիսի 2026, 22:00
Էլմիրա Կարապետյանը հայկական ժամանակակից հրաձգության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Նա կարճ ժամանակում սկսնակ մարզուհուց դարձել է Օլիմպիական խաղերի մասնակից և հասել համաշխարհային մակարդակի մեդալակակրի կարգավիճակ։
Նա ծնվել է 1994 թվականի մայիսի 18-ին Երևանում։ Նա հրաձգությամբ զբաղվել է բավական ուշ՝ 19 տարեկանում, երբ արդեն ուսանող էր։ Հրաձգության համար սա բավական հազվադեպ երևույթ է, քանի որ մարզիկների մեծ մասը մարզումները սկսում է դեռ պատանեկան տարիքում։ Այնուամենայնիվ, նրա այս հասուն և գիտակցված ընտրությունը, որը հիմնված էր կարգապահության և մեծ աշխատասիրության վրա, դարձել է նրա կարևոր առավելություններից մեկը։
Կարապետյանի առաջին լուրջ փորձությունը 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերն էին, որտեղ նա մրցել է 10 մետրանոց օդամղիչ ատրճանակով և զբաղեցրեց 18-րդ տեղը։
առաջին լուրջ փորձությունը դարձել է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը, որտեղ նա հանդես է եկել 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում և զբաղեցրել է 18-րդ տեղը։ Այդ մեկնարկը նրան տվել է անգնահատելի փորձ և դարձել ապագա հաջողությունների մեկնակետ։
Իսկական բեկումը տեղի է ունեցել 2022 թվականին Կահիրեում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ Էլմիրան զբաղեցրել է հինգերորդ տեղը և ապահովել Հայաստանի պատմության մեջ առաջին ուղեգիրը դեպի 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղեր։
Արդեն 2023 թվականին Կարապետյանը պատմական հաղթանակ է տարել Ռիո դե Ժանեյրոյում կայացած աշխարհի գավաթի փուլում՝ նվաճելով ոսկե մեդալ 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում։ Նույն տարում նա արծաթե մեդալ է նվաճել Տալլինում կայացած Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև փայլուն ելույթ է ունեցել Լեհաստանում անցկացված Եվրոպական խաղերում։ Հրաձգության մրցաշարում Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում գրավել է երկրորդ տեղը։
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Էլմիրան զգալի առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 9-րդ տեղը։ Այս արդյունքը ևս մեկ անգամ հաստատել է նրա՝ համաշխարհային մակարդակի մարզուհի լինելու կարգավիճակը։
Էլմիրա Կարապետյանը կոտրում է այն կարծրատիպը, թե Հայաստանը ուժեղ է միայն մենամարտային մարզաձևերում և ծանրամարտում։ Նրա հաջողությունները ցույց են տալիս, որ հայ մարզուհիները կարող են բարձր արդյունքների հասնել նաև տեխնիկապես բարդ մարզաձևերում, որտեղ որոշիչ են կենտրոնացվածությունը, հոգեբանական պատրաստվածությունն ու ճշգրտությունը։
Նա դարձել է հայկական սպորտի նոր սերնդի խորհրդանիշ՝ ապացուցելով, որ նույնիսկ ուշ մեկնարկը խոչընդոտ չէ համաշխարհային հաջողության ճանապարհին, եթե դրա հիմքում կա աշխատասիրություն, կարգապահություն և սեփական ուժերի նկատմամբ հավատ։ Էլմիրա Կարապետյանը դարձել է «լռության գրոսմայստեր»՝ ապացուցելով, որ ամենաբարձր հաղթանակները ծնվում են լիակատար կենտրոնացման և ներքին հանգստության պայմաններում։