Հայաստանը երբեք ներգրավված չի եղել և չի լինելու հակառուսական գործողությունների մեջ․ Փաշինյան

22 Մայիսի 2026, 10:30

Քաղաքականություն

Թեպետ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողները շատ են, բայց ճգնաժամ չկա։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց գործող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չէ ու ներգրավված չի լինելու։

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայաստանյան այցին, Փաշինյանը հակադարձ հարց ուղղեց՝ ինչո՞ւ Հայաստանը նման հարցեր չէր բարձրացնում, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ Ադրբեջանի նախագահը Ռուսաստան էր գնում կամ հակառակը։

«Ես դեռ 2022թ․ ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում, էն ժամանակ դեռ ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր, ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչի՞ պիտի Ուկրաինայի նախագահը չգար Հայաստան, ի՞նչն է խնդիր։ Մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի՞ անգամ է գնացել Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը քանի՞ անգամ է գնացել Ադրբեջան»,- ասաց Փաշինյանը։