Փաշինյանի քաղաքական կուրսը Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման․ Անդրեյ Պերլա
22 Մայիսի 2026, 21:30
Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հասցեին հնչող ՌԴ իշխանությունների հայտարարություններին, Մոսկվայի և Երևանի հարաբերություններին, ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամին, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության և ԵՄ-ի հետ մերձեցման հեռանկարներին։
«Սա Հայաստանի համար ինքնասպան քաղաքականություն է։ Քանի որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը, տարբեր գնահատականներով, 40-60 տոկոսով կապված է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։ Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանը կորցնի Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, ապա կկորցնի իր տնտեսությունը։ Դա ոչնչով հնարավոր չի լինի փոխհատուցել»,- ասել է Պերլան։
Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խզումից որևէ օգուտ հնարավոր չէ ստանալ։
«Ռուսաստանը միշտ բարեկամաբար է վերաբերվել Հայաստանին և հայ ժողովրդին։ Սակայն Փաշինյանը կարող է շատ բան անել, որպեսզի այդ վերաբերմունքը փոխվի։ Այդ առումով նա հիշեցնում է Սահակաշվիլիին, ում հաջողվեց Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ հասցնել պատերազմի և պատժամիջոցների։ Նման քաղաքականությունը պրագմատիկ չէ․ բարիդրացիական կապերի խզումը ոչ մի օգուտ չի բերում, այլ միայն ահռելի վնաս՝ էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսական փոխանցումների և անվտանգության ոլորտներում»,- նշել է Պերլան։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն իրականում ցանկանում է, որ Ռուսաստանի կողմից հնչեն կոշտ հայտարարություններ և կիրառվեն կոշտ քայլեր, որպեսզի կարողանա արդարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու իր քաղաքականությունը։
«Նա կցանկանար օգտագործել այդ քայլերը՝ արդարացնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու իր քաղաքականությունը։ Այդ պատճառով նա լիովին գիտակցաբար վիրավորական քայլեր է անում Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ երբ նրան դրա մասին մատնանշում են, անմեղ ձևանալով ասում է․ «Դուք ինձ սխալ հասկացաք, ես նման բան նկատի չունեի»»,- նշել է Պերլան։
Քաղաքագետի խոսքով՝ Եվրամիությունն ամենևին էլ չի ձգտում մոտ ապագայում ընդունել Հայաստանին։
«Փաշինյանի վարքագիծը ես կկոչեի անխոհեմ։ Հայաստանը գտնվում է ռազմական սպառնալիքի պայմաններում, և դա մոռանալ չի կարելի։ Այն նաև տնտեսական սպառնալիքի պայմաններում է։ Հայաստանը չունի լիարժեք պարենային անվտանգության համակարգ․ եթե որոշ ապրանքների, առաջին հերթին՝ հացահատիկի ներմուծումը դադարեցվի, երկրում սով կսկսվի։ Եթե դադարեցվի էներգակիրների ներմուծումը, ապա Հայաստանը կրկին կտեսնի այն, ինչ արդեն եղել է 90-ականների սկզբին՝ ձմռանը սառը բնակարաններ, շրջափակում և ծանրագույն ճգնաժամ։ Եվ Փաշինյանն, ըստ էության, հենց դեպի դա էլ տանում է Հայաստանը։
Նա երկիրը մղում է ճգնաժամի միայն նրա համար, որպեսզի Եվրոպայում ասեն․ «Նա անկախ է Ռուսաստանից»։ Սակայն ԵՄ-ն չի պատրաստվում ընդունել Հայաստանին և նույնիսկ պատրաստ չէ թեկնածու երկրի կարգավիճակ տալ։ Եվրամիությանն անդամակցելու մասին խոսակցությունները պարզապես անեկդոտ են։ Չկա նույնիսկ թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկար, որն, ի դեպ, ունի Թուրքիան։ Մյուս կողմից՝ ԵԱՏՄ-ն իսկապես չի հեռացնի Հայաստանին իր կազմից, եթե միայն Հայաստանը ինքը նման ցանկություն չհայտնի»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանից մատակարարումների՝ ծաղիկների, մրգերի և բանջարեղենի հետ կապված խնդիրները կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի կողմից նախազգուշացում։
«Ժամանակակից Հայաստանի տնտեսությունը կարելի է համարել բավական զարգացած, նույնիսկ որոշ չափով՝ բարգավաճող։ Սակայն այդ բարգավաճումը հիմնված է Ռուսաստանի հետ շատ խորը և հզոր կապերի վրա։ Հայաստանի տնտեսության ավելի քան կեսը գոյություն ունի այնքանով, որքանով փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Հետևաբար, եթե լուրջ հակամարտություն առաջանա, և Ռուսաստանը սկսի սահմանափակել հայկական արտահանումն ու ներմուծումը, ապա Հայաստանի տնտեսությունում կհայտնվի հսկայական փոս, որը ոչնչով հնարավոր չի լինի փակել։ Հենց այդ պատճառով էլ անհնար է ասել, թե Հայաստանը նման հակամարտությունից կարող է որևէ օգուտ ստանալ»,- եզրափակել է Պերլան։
Մանրամասները՝ տեսանյութում։