Կանգ առեք, գինը դուք չեք տալու, գինը տալու է հայ ժողովուրդը. Ռոբերտ Քոչարյան

25 Մայիսի 2026, 15:30

Քաղաքականություն

Վայոց Ձորի Վայք քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը խոսել է արտաքին քաղաքականության մասին և ներկայացրել, թե ինչ պետք է հետապնդի յուրաքանչյուր երկիր արտաքին քաղաքականությունում։

«Այն առաջին հերթին պետք է սպասարկի այդ պետության շահերը՝ անվտանգային և տնտեսական։ Ուրիշ նպատակ արտաքին քաղաքականությունը չունի։ Պետք է գնահատել ռիսկերը, հասկանալ ու առաջ մղել հետևյալը՝ եթե կան ռիսկեր, ապա ինչպես պետք է դրանք չեզոքացնել։ Իսկ անվտանգությունն ամրացնելու համար ձեռք են բերում բարեկամներ։ Սա արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկնէ »,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ՌԴ-ն միակ երկիրն է, որ կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում։

«Բայց այս իշխանությունն ամեն ինչ անում է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Մինչդեռ ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարկշռող ուժ է, այլ նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է։ Հիմա ՌԴ-ն ասում է խելքներդ հավաքեք, մի արեք նման բան։ Ու նույնն էլ ես եմ ասում՝ կանգ առեք, գինը դուք չեք տալու, գինը տալու է հայ ժողովուրդը»,- ընդգծել է նախագահը։