Հայաստանին տանում են ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ․ Եվգենի Սեմիբրատով
26 Մայիսի 2026, 21:45
Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու հետևանքներին։
«Թերևս Ռուսաստանի ղեկավարության բարձրագույն օղակներում այլևս չի մնացել որևէ քաղաքական գործիչ՝ այն մարդկանցից, որոնք առանցքային որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական ոլորտում, որը չի արտահայտվել Հայաստանի աշխարհաքաղաքական հեռանկարների և այն մասին, թե ուր է տանում երկիրը Նիկոլ Փաշինյանի գործող կառավարությունը։
Մենք նման նախազգուշացումներ տեսանք մեր նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ Բազմաթիվ հայտարարություններ եղան ԱԳՆ-ի և ուժային կառույցների կողմից։ Օրեր առաջ այս թեմայով խոսեց Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ, ներկայումս Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Հայտարարություններով հանդես եկավ նաև Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Այստեղ կարևորն այն է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է նախազգուշացնել Հայաստանին՝ ուկրաինական սցենարի կրկնությունից»,-ասել է Սեմիբրատովը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները երկիրը տանում են ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ։
«Երևանի շուրջ ներկայումս ծավալվող գործընթացները, նախևառաջ, հանգեցնում են Հայաստանի դուրս գալուն ԵԱՏՄ-ից, ինչը սպառնում է Հայաստանին կորցնել իր հիմնական եվրասիական, առաջին հերթին՝ ռուսական շուկան, ինչպես նաև դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, որը կարևոր դեր է խաղում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գործում»,- նշել է Սեմիբրատովը։