Այսօրվա իշխանությունները խաղաղությունն ամբողջությամբ կապում են «TRIPP»-ի հետ. Վիգեն Հակոբյան
26 Մայիսի 2026, 19:32
Այսօր՝ մայիսի 26-ին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նախաստորագրվել է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր: Բացի այդ, ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
Քաղտեխնոլոգն ընդգծել է՝ որևէ մեկը չէր կասկածում, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը կապված է լինելու «TRIPP» նախագծի հետ:
«Որևէ մեկը դրանում չէր կասկածում, որ դա վերաբերելու էր «TRIPP»-ին, բայց կային վարկածներ, որ Ռուբիոն, ինչպես նաև Վենսը, ուղղակի աջակցություն կհայտնի Հայաստանի գործող վարչակազմին և անձամբ վարչապետին: Այսինքն՝ կային տարբեր վարկածներ ու հույսեր»,- նշել է Հակոբյանը:
Այսպիսով, ըստ նրա՝ այցի շրջանակում նախաստորագրվել է «TRIPP»-ի վերաբերյալ համաձայնագիրը, սակայն այն ավելի շատ հռչակագրային բնույթ ունի, և այդ առումով այն առնչվում է մեր ներքաղաքական օրակարգին:
«Մեր իշխանությունները փորձում են դա օգտագործել իրենց խաղաղության օրակարգը վերահաստատելու համար, քանի որ ՀՀ իշխանությունները խաղաղությունն ամբողջությամբ շաղկապում են «TRIPP» նախագծի հետ»,- հավելել է քաղտեխնոլոգը: