Փաշինյանը մտել է հանձնառությունների տակ, որոնցից Հայաստանը դուրս գալ չի կարողանալու. Ալեն Ղևոնդյան
27 Մայիսի 2026, 20:00
Մենք դեռ գտնվում ենք քարոզարշավի մեջ, և «պոպուլիստական արդարության» իբր վերականգնման գործընթացները գործող իշխանության, հատկապես վարչապետ կոչվածի համար, ունեն կենսական նշանակություն: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս վերջին ձերբակալությունները դասական տեղեկատվական փորձեր չեն՝ նպատակ ունենալով շեղել ուշադրությունն այն աշխարհաքաղաքական արհավիրքից, որը մոտենում է ՀՀ-ի սահմաններին:
Քաղաքագետի խոսքով՝ վարչապետն իր այդ քայլերով փորձում է ցույց տալ, թե ինքը ժողովրդի հետ է:
«Նա պետք է ցույց տա, որ իր գործողությունները ժողովրդի համար են, թե իբր օլիգարխներից, անհիմն հարստացած մարդկանցից բնակարաններ և գույք առգրավելով՝ դա անում է հենց ժողովրդի համար: Այդպիսի թեմաները պոպուլիզմի տեսանկյունից բավական ընդունելի են»,- նշել է Ղևոնդյանը:
Նրա խոսքով՝ եթե հարցին մոտենան ավելի լայն դիտանկյունից, ապա մեդիաակտիվության և նմանատիպ տեղեկատվական հոսքերի միջոցով հնարավոր է մոռացության տալ կամ նվազեցնել Հայատանի շուրջ սրվող արտաքին իրավիճակի վերաբերյալ ընկալումները։
Անդրադառնալով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, թե Հայաստանը պետք է հստակ ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, Ալեն Ղևոնդյանը նշել է, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ազդեցություն ունեն որոշումների կայացման վրա, այլևս խոսում են ոչ միայն ՀՀ վարչապետի, այլև հայ ժողովրդի հետ։ Ըստ նրա՝ նրանք բաց տեքստով ներկայացնում են հնարավոր հետևանքները սովորական քաղաքացիների համար՝ կապված այն քաղաքական ուղեգծի հետ, որն, ըստ ռուս պաշտոնյաների, որդեգրել է գործող վարչապետը։
«Ինքը մտել է հանձնառությունների տակ, որոնցից Հայաստանը դուրս գալ չի կարողանալու։ Իսկ ռուսներն ասում են, որ հայ ժողովրդի հետ խնդիր չունեն՝ հակառակը, մենք եղբայրական ժողովուրդներ ենք, ինչն արտահայտվում է ինչպես մարդկային շփումներում, այնպես էլ տնտեսական հարաբերություններում»,- նշել է Ալեն Ղևոնդյանը։
Նա նաև ասել է, որ հունիսի 7-ի ընտրությունները չի կարելի դիտարկել որպես սովորական ընտրություններ, և այստեղ հարցը միայն վարչապետի փոփոխությունը չէ։ «Խնդիրը նրանում է, որ ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել ռեսուրսները և ազատվել «ուռուցքից»՝ Հայաստանի պետականազրկման «ուռուցքից»»,- հավելել է Ղևոնդյանը։