Մեր հիմնական խնդիրներից մեկը բասկետբոլը մասսայականացնելն է․ Արթուր Նազարյան
28 Մայիսի 2026, 23:00
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնի Իռլանդիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին՝ Լոս Անջելեսի Կալսթեյթ (California State University) համալսարանում։ Հավաքականն այստեղ արդեն 4-րդ տարին անընդմեջ հանդիպում է անցկացնում։ Զուգահեռ կձևավորվեն նաև 16, 18, 20 տարեկանների՝ կանանց և տղամարդկանց հավաքականները։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ։
Արթուր Նազարյանի խոսքով՝ գլխավոր նպատակն այն է, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, երիտասարդ բասկետբոլիստներն ու մարզուհիները իրենց աչքերով տեսնեն ազգային հավաքականի խաղը, ոգևորվեն և զգան, որ սա նաև իրենց հավաքականն է։
«Մի բան է, երբ մարդիկ տարիներով լսում են կամ տեսնում որոշ կադրեր, մեկ այլ բան է, երբ հնարավորություն են ունենում անմիջապես տեսնել այդ խաղացողներին»,- նշել է Նազարյանը։
Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրներից մեկը բասկետբոլը մասսայականացնելն է և հնարավորինս շատ երեխաների ներգրավել սպորտում։
«Իռլանդիայի հավաքականը ստեղծվել է 1930-ականներին, իսկ մեր մեր հավաքականը միջազգային ասպարեզում ելույթները սկսել է 2016-ից։ Այսինքն՝ մենք դեռ կայացման փուլում ենք»,- ընդգծել է Նազարյանը։