Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատալ եվրոպական հրաշքներին․ Անդրեյ Կլիմով

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին և Երևանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի հնարավոր հետևանքներին։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են կտրուկ շրջադարձ կատարել հայ ժողովրդի պատմության մեջ, սակայն ամենևին էլ փաստ չէ, որ դա կծառայի հայ ժողովրդի շահերին։

Կլիմովի կարծիքով՝ ներկայիս ՀՀ իշխանությունները շարունակում են հավատալ ինչ-որ «եվրոպական հրաշքների», սակայն դա Հայաստանին բարգավաճում չի խոստանում։

«Ուզում եմ հիշեցնել, որ հայկական կողմն անգամ օրենք է ընդունել այն մասին, որ պատրաստվում է ինչ-որ տեղ անդամակցել։ Օրենքը մի՞թե գործողություն չէ։ Իհարկե, գործողություն է։ Ես այս ամենն արդեն տեսել եմ 2013 թվականին Ուկրաինայում։ Այն ժամանակ այնտեղ էի և անձամբ տեսել եմ, թե ինչպես էր ամեն ինչ տեղի ունենում։ Այնտեղ էլ էին ասում՝ այս կողմ, այն կողմ, այսպես, այնպես, ոչինչ չի լինի, ամեն ինչ լավ կլինի։ Բայց ավարտը բոլորս գիտենք։

Հետևաբար, ավելի լավ է նախապես զգուշացնել։ Ընդ որում, նման նախազգուշացում հնչեցրել է ոչ միայն մեր առաջնորդը, այլև Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների ղեկավարները, որոնք այս հարցի շուրջ արտահայտվել են միանգամայն հստակ»,- ասել է Կլիմովը։