Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չէին կարող չսրվել․ Կոնստանտին Զատուլին
02 Հունիսի 2026, 21:20
ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Լազարյան ակումբ»-ի նիստի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների ապագան՝ արձանագրելով երկկողմ հարաբերությունների ակնհայտ սրացումը և նշելով այն պատճառները, որոնք, իր կարծիքով, հանգեցրել են ներկայիս իրավիճակին։
«Հարաբերությունները սրվել են, և, անկեղծ ասած, չէին էլ կարող չսրվել։ Կարելի է միայն զարմանալ, որ դա ավելի վաղ տեղի չի ունեցել։ Դրա պատճառը ոչ միայն Հայաստանի կառավարության հետևողական քաղաքականությունն էր՝ ուղղված Եվրասիական տարածքից հեռանալուն և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը, ինչով կառավարությունն, ըստ էության, զբաղվում է իշխանության գալու պահից ի վեր, այլև այն ակնհայտ փաստը, որ դեռ անցյալ տարվա մարտին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն Ազգային ժողովում օրենք ընդունեցին Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու մասին։
Դրանից հետո Փաշինյանի կառավարությունը, կարծես, ապրում է իրականությունից կտրված աշխարհում և փորձում է մեզ համոզել, թե որևէ խնդիր գոյություն չունի, որ երբ ժամանակը գա, իրենք կհրաժարվեն Եվրասիական միությունից, իսկ մինչ այդ պատրաստ են շարունակել օգտվել բոլոր արտոնություններից՝ իրականացնել անտուրք առևտուր, գազ և այլ ռեսուրսներ ստանալ եվրասիական տարածքի ներքին գներով և այլն։ Սակայն, իմ կարծիքով, բավական է մեզ հիմարի տեղ դնել»,- ասել է Զատուլինը։
Պատգամավորը ցավով նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ձեռնարկված միջոցները կարող են անդրադառնալ երկրի բնակչության վրա։
«Մենք իսկապես ափսոսում ենք, որ այդ միջոցները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի բնակչության, Հայաստանում ապրող քաղաքացիների վրա։ Սակայն, հավանաբար, այլ կերպ չի լինում պետությունների միջև հարաբերություններում, երբ մեր պաշտոնական դաշնակիցը՝ Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն բարեկամական հարաբերություններ է հաստատում մեր հակառակորդների հետ, որոնք անօդաչու սարքեր են ուղարկում, ոչնչացնում խաղաղ բնակչությանը և ամբողջ ուժով ներգրավված են Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմում, որն այս պահին մղվում է Ուկրաինայում։
Այս բոլոր ջերմ գրկախառնությունների, Երևանում ԵՄ գագաթնաժողովների անցկացման, ինչպես նաև այն հանգամանքի ֆոնին, որ Երևանը դարձել է Զելենսկու ելույթների հարթակ՝ ներառյալ նրա՝ Հաղթանակի շքերթի ժամանակ Կարմիր հրապարակին հարվածելու սպառնալիքները, ՀՀ կառավարությունը կարծես որևէ դատապարտելի բան չի տեսնում։
Կարծում եմ՝ ցանկացած ողջախոհ մարդ հասկանում է, որ այն խոսակցությունները, թե դուք պարտավոր եք միշտ ընդառաջ գնալ մեզ, իսկ մենք անելու ենք այն, ինչ ցանկանում ենք, դավաճանելու ենք ձեզ և մտերմանալու ենք ձեր թշնամիների հետ, վաղ թե ուշ պետք է ավարտվեին»,- եզրափակել է Զատուլինը։