Հայաստանը նման է մի ուղևորի, որը փորձում է հասնել «Գ» կետին․ Զախարովա
03 Հունիսի 2026, 11:25
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի ցանկությունը` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելով Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ։ Նա ՀՀ ղեկավարությանը համեմատել է մի ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ:
«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, տարանցիկ չվերթ։ Մի քանի ուղևոր անցել են բոլոր ստուգումները՝ սահմանային, մաքսային և այլն։ Նրանցից յուրաքանչյուրը հստակ նպատակ ունի։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստելու հրահանգը, ուղևորներից մեկը, որը կարծես գրանցված է տվյալ չվերթի համար, հանկարծ ասում է․ «Գիտե՞ք, ես չեմ գնում «Բ» կետ, ես գնում եմ… լավ, հավանաբար «Գ» կետ», — Sputnik ռադիոյի եթերում ասել է Զախարովան։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ Զախարովան նշել է, որ «սա արդեն նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ»։
«Նորմալ էէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Նորմալ չէ, երբ բարի մտադրություններն ու օրինական մեխանիզմները, որոնք ապահովում են որևէ համակարգի բնականոն գործունեությունը, օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Եթե ցանկանում ես «Գ» կետ հասնել «Բ» կետի միջոցով, դա նույնպես հնարավոր է․ դա կոչվում է տարանցում։ Բայց դրա համար գոյություն ունի հստակ տրամաբանություն։ Դու գրանցվում ես «Բ» կետ մեկնելու համար, թռչում ես, այնտեղ հրաժեշտ ես տալիս բոլորին և գնում այնտեղ, որտեղ պետք է։ Դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել քո ընտրությունը, խնդրեմ, դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- հավելել է նա։