Հետաքրքրության կորստի դեպքում ԱՄՆ-ը արագ կհրաժարվի Հայաստանի հետ պայմանավորվածությունից

04 Հունիսի 2026, 11:43

Քաղաքականություն

ԱՄՆ-ը առանց որևէ դժվարության կհրաժարվի Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, երբ «կորցնի ախորժակը» կամ փոխի իր առաջնահերթությունները։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երբ Վաշինգտոնը կորցնի հետաքրքրությունը կամ այնտեղ փոխվեն առաջնահերթությունները, նրանք այդ ամենը կդադարեցնեն իրենց համար բացարձակ անցավ եղանակով», — ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Կողմերը նաև համաձայնագրեր էին կնքել հազվագյուտ հողային մետաղների մատակարարման, արդյունահանման և վերամշակման ապահովման, ինչպես նաև «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային բարգավաճման» նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։