ՀՀ–ում վերջին շրջանում ձևավորվել է անառողջ մթնոլորտ. ԲՀԿ խոսնակը՝ Փաշինյանին

11 Հունիսի 2026, 16:19

Քաղաքականություն

Այն ժամանակ, երբ ԲՀԿ–ն և այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների և յուրաքանչյուր քաղաքացու քվեի պաշտպանման գործընթացներով, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։

ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ այն հայտարարություններին, որ գործող իշխանությունները գործարք են առաջարկել ընդդիմությանը, որպեսզի կարողանան ԱԺ–ում սահմանադրական մեծամասնություն կազմել, և խոսքը մասնավորապես վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա հայտարարեց` եթե Ծառուկյանին գործարք առաջարկեին, նա ծնկաչոք ընդառաջ կգար։

«Ցավոք, Հայաստանում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման, սակայն առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը»,– գրել է Տոնոյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի մյուս հայտարարությանը, թե Ծառուկյանին Հայաստանում գործարք առաջարկող չի եղել, դրա համար ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղեր գործարք է փնտրել, ԲՀԿ խոսնակը հիշեցրել է, որ Ծառուկյանը միջազգային լայն և բաց համագործակցություն ունի, որի մասին երբևէ չեն թաքցրել։

«ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ մեր գործընկերային հարաբերությունները, պաշտոնական հանդիպումները և փոխադարձ այցերը բազմիցս հրապարակայնորեն ներկայացվել են։ ԲՀԿ–ն հանդիսանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ընտանիքի անդամ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և փոխադարձ այցեր և այլն»,– նշել է Տոնոյանը։

Հիմա եթերում