Պետդուման բարձրացրել է միգրանտների համար նախատեսված հարկային տուրքերը

11 Հունիսի 2026, 17:55

Քաղաքականություն

Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության նախաձեռնած օրենքը, որը փոփոխություններ է նախատեսում ՌԴ հարկային օրենսգրքում և ենթադրում է միգրացիայի հետ կապված պետական տուրքերի բարձրացում։

Այսուհետ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը կկազմի 50 հազար ռուբլի՝ 12 անգամ ավելի, քան նախկինում։ Ժամանակավոր բնակության թույլտվության (РВП) համար տուրքը բարձրացվել է մինչև 15 հազար ռուբլի, իսկ կացության թույլտվության (ВНЖ) համար՝ մինչև 30 հազար ռուբլի։ Օտարերկրյա աշխատողների ներգրավման թույլտվության տուրքը նույնպես բարձրացել է մինչև 15,000 ռուբլի մեկ աշխատողի համար։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այս փոփոխություններն ուղղված են միգրացիոն քաղաքականության կատարելագործմանը։ Քննարկվում է նաև Աշխատանքի նախարարության որոշ լիազորությունների փոխանցումը Ներքին գործերի նախարարությանը՝ աշխատանքային միգրացիան վերահսկելու համար, այդ թվում՝ այն մասնագիտությունների ցանկերի հաստատումը, որոնց համար որակավորված օտարերկրյա մասնագետները կկարողանան ստանալ բնակության թույլտվություն կամ աշխատել առանց քվոտաների՝ պարզեցված ընթացակարգով։

Կառավարությունը պետական տուրքերի բարձրացումը հիմնավորում է ՆԳՆ-ի ծախսերի աճով՝ կապված ստուգումների անցկացման և տեղեկատվական բազաների վարման հետ։ Միաժամանակ քաղաքացիների որոշ խմբեր՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները, հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցները և օտարերկրացիները, որոնք պայմանագիր են կնքել զինվորական ծառայության անցնելու համար, կազատվեն որոշ վճարներից։