«Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի՞․ մեկնաբանել է Սամվել Կարապետյանը
12 Հունիսի 2026, 14:35
«Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի, եթե կարծի, որ Նիկոլ Փաշինյանին այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի իշխանությունից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրուցում այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Նա պնդել է, որ Փաշինյանն ընտրություններում չի հաղթել։
«Եթե ՔՊ-ն վստահ է, թե իրենք հաղթել են, արդյունքները լեգիտիմացնելու համար պետք է համաձայնեն երկրորդ փուլի։ Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որ երկիրը զարգանա»,- ընդգծել է նա։
Ըստ Կարապետյանի՝ երկրորդ փուլն ավելի հեշտ կլինի, որովհետև ձայները փոշիացնողները չեն լինի։
Նա նաև հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» դիմելու է Սահմանադրական դատարան։
«Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ»,- ասել է Կարապետյանը։