ԿԸՀ-ն «Բարգավաճ Հայաստան»-ի պահանջին հստակ պատասխան չի տվել․ Գևորգ Ստեփանյան
12 Հունիսի 2026, 15:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։
Ակցիայի պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։ ԲՀԿ–ն 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջ է ներկայացրել։ Կուսակցության երկու ներկայացուցիչներ ակցիայի ժամանակ մուտք են գործել ԿԸՀ՝ տեղեկանալու, թե իրենց պահանջի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ԿԸՀ-ն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը ԿԸՀ-ից դուրս գալուց հետո հայտնել է, որ մինչ այս պահը չունեն վերջնական պատասխան։
«ՔՊ–ն հունիսի 8-ի գիշերն ասում էր, որ հաղթել են։ Մեզ ասացին նաև, որ հաշվարկներում կներառեն շուրջ 130 ձայն,իսկ ԱԺ անցնելու համար մեզ պակասում էր 59-60 ձայն։ Հիմա երկու ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելն ապօրինի է։ 2600 բնակիչ էլ պահանջում է կրկնակի քվեարկություն անցկացնել, քանի որ մարդիկ զրկվել են ձայնի իրավունքից»,-ասել է Գևորգ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն արվում է, որպեսզի ԲՀԿ–ն չհաղթահարի անցողիկ շեմ, իսկ ՔՊ–ն ունենա սահմանադրական մեծամասնություն։