Համաժողովրդական շարժումը չի ավարտվել և չի կարող ավարտվել. Դավիթ Բաբայան

15 Օգոստոսի 2023, 21:24

Քաղաքականություն

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը չի ավարտվել և չի կարող ավարտվել: Այս մասին Alpha Newsուղիղ եթերում ասաց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում համաժողովրդական շարժումը այս պահին:

«Համաժողովրդական շարժումը չի ավարտվել և չի կարող ավարտվել, քանի որ կան գործընթացներ, որոնք, կարծես, ակտիվություն են ցուցաբերում, օրինակ ՄԱԿ-ի անվտանգության նիստը, կամ այլ զարգացումներ: Բայց, քանի որ իրավիճակը շատ բարդ է, ցանկացած պահի շարժումը կարող է նորից ստանալ մեծ թափ: Ընդհանուր առմամբ` մենք շարժումը կարող ենք անվանել ոչ թե առանձին գործընթաց, այլ մեր ժողովրդի մոտեցումը և ընդհանուր տեսլականը ապագայի նկատմամբ»,- նշել է Բաբայանը:

Արցախի նախագահի խորհրդականի համոզմամբ՝ Արցախում ցանկացած շարժում պետք է ուղղորդվի պետության կողմից:

«Միակ գրավականը, որ շարժումը կստանա համաժողովրդական բնույթ, թույլ չի տա որևէ մեկին զբաղվել շահարկումներով և կկարողանա արդյունքի հասնել, այն է, որ այն պետք է ուղղորդվի պետության կողմից: Մենք որևէ ձևով մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում: Եթե զարգացումներն այնպես լինեն, որ սկսեն մեզ ինչ-որ կերպ խցկել Ադրբեջանի կազմ, կրկին պոռթկում է առաջանալու Արցախում»,- վստահեցերեց հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը: