ՄԻԵԴ-ի որոշումից հետո Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում ԵԽ գրասենյակի ղեկավարը

22 Հունիսի 2026, 20:00

Քաղաքականություն

Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Պետր Ցիխին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը ճանաչել է 2016 թվականին հայ սպային խոշտանգելու, սպանելու և գլխատելու փաստը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում դեսպանին խիստ բողոք է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 18-ի որոշման կապակցությամբ՝ որակելով այն «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի նորմերին հակասող»։

Ըստ լրատվամիջոցները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհ է նաև դատավճռում «միջազգայնորեն ճանաչված երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հակասող» եզրույթների կիրառումից: Մասնավորապես, նշվել է «Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև շփման գիծ» ձևակերպման օգտագործումը, ինչպես նաև բանակի, իշխանության մարմինների, գլխավոր դատախազի և Լեռնային Ղարաբաղի ՄԻՊ-ի հիշատակումը ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից դաժանաբար խոշտանգված և սպանված հայ մայոր Հայկ Թորոյանի գործով վճիռը: Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել Թորոյանի հարազատներին։

Հիմա եթերում