Եվրոպան պատրաստ չէ փոխարինել Ռուսաստանի շուկան ո՛չ Վրաստանի, ո՛չ Հայաստանի համար․ Արչիլ Սիխարուլիձե
23 Հունիսի 2026, 19:30
«SIKHA FOUNDATION» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն Alpha News-ին տված մեկնաբանությունում՝ «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտափորձագիտական ֆորումի շրջանակում, անդրադարձել է Հայաստանի համար ռուսական շուկան եվրոպականով փոխարինելու հեռանկարներին՝ վկայակոչելով Վրաստանի փորձը։ Նա նաև գնահատել է Հարավային Կովկասի երկրների եվրաինտեգրման ակնկալիքների իրատեսականությունը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի համար ռուսական շուկան եվրոպականով փոխարինելը նույնիսկ ավելի դժվար կլինի, քան Վրաստանի դեպքում։
«Վրաստանի դեպքում նույնիսկ ավելի շատ տարբերակներ կային, որովհետև ժամանակաշրջանը բոլորովին այլ էր, և մենք ունեինք հնարավորություններ։ Սակայն, չնայած բոլոր ձգտումներին, պարզվեց, որ Եվրոպան պատրաստ չէ, որովհետև վրացական գինին այնքան էլ հայտնի և պահանջված չէր։ Մինչև հիմա մեր արտահանման մեծ մասը ուղղվում է Ռուսաստանի Դաշնություն։
Այսինքն՝ այն ժամանակ, երբ Վրաստանի համար աշխարհաքաղաքական բոլոր գործոնները բարենպաստ էին, միևնույն է, այն չկարողացավ փոխարինել Ռուսաստանին։ Ավելին՝ հիմա մենք ավելացնում ենք մատակարարումները, քանի որ Եվրոպան պատրաստ չէ փոխհատուցել այն կորուստները, որոնք կարող են առաջանալ։
Հայաստանի դեպքում, կարծում եմ, իրավիճակն ավելի բարդ է, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը տարբեր է, նրա կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի հիմնարար է, և Հայաստանը աշխարհագրորեն ավելի սերտորեն է կապված Ռուսաստանի հետ, քան Վրաստանն էր։ Միևնույն ժամանակ մենք Ռուսաստանի հետ ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունենք։
Հետևաբար, կարծում եմ, որ Ռուսաստանից հեռանալու այս փորձը մեծ մասամբ նախընտրական բնույթ ուներ, և այժմ իրավիճակը կկայունանա»,- ասել է Սիխարուլիձեն։