Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանն ու Էրդողանը դուրս են եկել Իսրայելի դե՞մ

01 Հուլիսի 2026, 19:00

(Ինչո՞ւ Թել Ավիվը հիշեց Հայոց ցեղասպանության մասին)

«Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը կապող աշխարհաքաղաքական ճարտարապետության ներկայիս դեֆորմացիան Իսրայելի ղեկավարությանը ստիպում է փոխել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Երկար տարիներ Թել Ավիվը կառուցում էր պրագմատիզմի վրա հիմնված ռազմավարություն՝ հանուն քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերի գիտակցաբար անտեսելով պատմական արդարությունը։ Այս հարացույցում հայ ժողովրդի ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ընկալվում էր բացառապես որպես քաղաքական սակարկությունների տարր։

Սակայն տարածաշրջանային նոր մարտահրավերների ազդեցության տակ նախկին մոտեցումները կորցրել են իրենց արդյունավետությունը, և այժմ հայկական թեմատիկային անդրադառնալը իսրայելական էլիտայի համար դառնում է սեփական դիրքերի պաշտպանության առանցքային մեխանիզմ՝ նախկին դաշինքների արագընթաց փլուզման պայմաններում։

Սկզբում իսրայելցի պաշտոնյաներն առաջնորդվում էին Անկարայի հետ կապերը լիովին չխզելու ցանկությամբ, իսկ հետո առաջին պլան մղվեցին ադրբեջանական լոբբիի շահերը, որն ակտիվորեն գործում էր իսրայելական կուսակցությունների, այդ թվում՝ Ավիգդոր Լիբերմանի կառույցի միջոցով։ Արդյունքում պաշտոնական Երուսաղեմը երկար ժամանակ մանևրում էր՝ արհամարհելով պատմական իրողությունները հանուն Անկարայի հետ հարաբերություններում էներգետիկ և ռազմական առավելությունների պահպանման։

Ավելին, Իսրայելն իր գործողություններով օգնում էր Անկարային փոխել Հարավային Կովկասի ճարտարապետությունը. իսրայելական ժամանակակից սպառազինության զանգվածային մատակարարումները թույլ տվեցին ալիևյան ռեժիմին վերահսկողություն հաստատել Ղարաբաղի նկատմամբ։ Այս իրադարձությունները վերաձևեցին ուժերի հավասարակշռությունը, և Թել Ավիվը կարծում էր, որ տարածաշրջանի վերաձևումն իրեն կօգնի «X ժամին» նաև Հարավային Կովկասի միջոցով հարվածել Իրանին։ Բայց ամեն ինչ չէ, որ ընթացավ իսրայելական ծրագրերի համաձայն։

Այն բանից հետո, երբ Իրանի գործոնն ուժով չեզոքացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ փորձերը հաջողությամբ չպսակվեցին (Իրանում ռեժիմը չտապալվեց), Սպիտակ տունը սկսեց կասկածել Մերձավոր Արևելքը միայնակ վերահսկելու իսրայելական պետության կարողությանը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերակողմնորոշվեց դեպի ավելի հզոր դաշնակցի որոնում՝ խաղադրույք կատարելով, դատելով ամենայնից, Թուրքիայի վրա։ Օվալաձև կաբինետում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան առաջնորդը Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացահայտ անվանեց իր ընկերը և պատրաստակամություն հայտնեց լուրջ զիջումների գնալ Անկարայի հետ կապերի ամրապնդման համար։ Մասնավորապես, Թրամփը թույլ տվեց Անկարայի վերադարձը նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագիր Թուրքիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, ինչը փաստացիորեն Ռեջեփ Թայիփ Էրդողանին տալիս է տարածաշրջանային առաջնորդի գլխավոր հավակնորդի կարգավիճակ։ Սա չի կարող չմտահոգել ոչ միայն Հունաստանին, այլև Իսրայելին։

Այս նոր իրականության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱԳ նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությանը սատարելու Բենիամին Նեթանյահուի կառավարության միաձայն որոշումը ձեռք է բերում աշխարհաքաղաքական մանևրի բնույթ։ Եթե նախկինում Նեթանյահուն օգտագործում էր «Հայոց ցեղասպանության քարտը» Անկարայի վրա իրավիճակային ճնշում գործադրելու համար, ապա այժմ խոսքը լայնածավալ լոբբիստական արշավի մասին է։ Իսրայելի նպատակն է արգելափակել Թրամփի չափից ավելի մերձեցումը Թուրքիայի հետ։

Դրա համար ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները, ներառյալ AIPAC-ը, ձգտում են համախմբել ջանքերը Կոնգրեսի այլ ազդեցիկ ուժերի հետ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հունական լոբբիի հետ համատեղ ունի Անկարայի համար ամերիկյան պաշտպանական պայմանագրերը տապալելու հսկայական փորձ։ Պատմական ճշմարտության ճանաչումը և թուրքական կառավարության կողմից դրա ժխտումից հրաժարվելը հռչակելով «բարոյական պարտք»՝ Իսրայելը փորձում է օգտագործել հայկական գործոնը որպես Վաշինգտոնում թուրքական ազդեցության զսպման գործիք։ Թել Ավիվում հիշում են, որ «Ազատության աջակցության ակտի» (FREEDOM Support Act) 907-րդ ուղղումը ոչ միայն Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտության պատմության մեջ ամենահայտնի և նախադեպային փաստաթղթերից մեկն է, այլև այն, ինչին Իսրայելը ձգտում է Թուրքիայի նկատմամբ։

1992 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված 907-րդ ուղղումն արգելափակեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցանկացած ուղղակի կառավարական օգնության տրամադրումը (ներառյալ տնտեսական, և որ ամենակարևորն է՝ ռազմական ու զենքի մատակարարումները)։ Այս որոշման արդյունքում Ադրբեջանը դարձավ միակ հետխորհրդային հանրապետությունը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո պաշտոնապես զրկվեց Վաշինգտոնի կողմից ուղղակի աջակցությունից։

Այնուամենայնիվ, Իսրայելի համար այս ռազմավարությունը հղի է հսկայական ռիսկերով։ Կառավարության կողմից այս նախաձեռնության հավանությունը, որը դեռ պետք է հաստատի Քնեսետը, հարված է հասցնում Անկարայի պաշտոնական պատմական դոկտրինին։ Սակայն շատ ավելի վտանգավոր կարող է լինել Ադրբեջանի արձագանքը, որի համար Թուրքիայի հետ դաշինքն անխախտ առաջնահերթություն է։ Իսրայելական հռետորաբանության արմատական շրջադարձն անխուսափելիորեն կհարուցի Բաքվի խիստ դժգոհությունը, ինչը հարվածի տակ է դնում բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրերի կայունությունը։

Կկարողանա՞ արդյոք Իսրայելը պահպանել գործընկերությունը Ադրբեջանի հետ՝ միաժամանակ գործի դնելով հայկական լծակը Էրդողանի դեմ և հակազդելով Իրանին, կդառնա տարածաշրջանային անվտանգության առանցքային մարտահրավերը մոտակա ժամանակներս։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իր այն հայտարարությամբ, թե «Երևանը նպատակահարմար չի համարում արձագանքել Իսրայելի կառավարության որոշմանը», Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց, որ Թուրքիայի և Իսրայելի հակամարտությունում ինքը պաշտպանում է Անկարայի դիրքորոշումը։ Ի դեպ՝ ոչ մի նոր բան…

Մտածե՛ք այդ մասին…»։