Քաղաքացիները չեն կարողացել իրացնել ընտրական իրավունքը․ Մելոյանի հայտարարությունը ՍԴ-ում

30 Հունիսի 2026, 19:51

Քաղաքականություն

Սահմանադրական դատարանում շարունակվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը: Այսօրվա նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը հարց բարձրացրեց՝ կապված ընտրական տեղամասերի հասցեների նույնականացման և արձանագրված խախտումների տվյալների հետ։

Մելոյանը, դիմելով Բարձր դատարանին, կրկին բարձրացրեց իր ներկայացրած առաջին միջնորդության հարցը, որը վերաբերում էր տեղամասային կենտրոնների հասցեների փոփոխություններին։ Նրա խոսքով՝ երրորդ կողմն արդեն պատրաստակամություն է հայտնել կատարել այդ աշխատանքն ու տրամադրել անհրաժեշտ տվյալները, ուստի պարզ չէ, թե որն է դատարանի կողմից մերժման հիմքը։

«Երկկողմանի համաձայնություն է ձեռք բերվել, և դրանով հնարավորություն կունենայինք պարզել, թե ինչ ծավալի մասին է խոսքը՝ տեղամասային կենտրոնների հասցեների փոփոխման մասով, ինչի արդյունքում մենք բազմաթիվ ահազանգեր ենք արձանագրել, որ քաղաքացիներին չի հաջողվել այդ պատճառով իրացնել իրենց ընտրական իրավունքը»,- հայտարարեց Գոհար Մելոյանը՝ փորձելով անցնել նաև իր երկրորդ միջնորդությանը, որը վերաբերում էր փակ ցուցակներով քվեարկության տվյալներին։

Սակայն նիստը նախագահողը ընդհատեց իրավաբանին՝ հիշեցնելով, որ դատարանն արդեն ավարտել է միջնորդությունների ընդունման փուլը և չի կարող անժամկետ ու անսահմանափակ լսել նոր առաջարկներ։