Մեր դիմումի անկյունաքարը նախընտրական քարոզարշավում արձանագրված խախտումներն են․ Լիպարիտ Դրմեյան
01 Հուլիսի 2026, 17:20
Սահմանադրական դատարանում ավարտվեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործով հերթական նիստը։ «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը դատարանում պատասխանեց լրագրողների հարցերին՝ մանրամասնելով իրենց ներկայացրած դիմումի հիմնական շեշտադրումներն ու իրավական փաստարկները։
Իր խոսքում նա ընդգծել է, որ իրենց դիմումի առանցքը ոչ թե խորհրդարան անցնել-չանցնելու հարցն է, այլ արձանագրված համակարգային խախտումները։
«Մենք դիմում չենք ներկայացրել նրա համար, որ պնդենք՝ եթե ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեին, մենք կանցնեինք խորհրդարան կամ չէինք անցնի։ Մենք արձանագրել ենք խախտումներ, որոնք, մեր համոզմամբ, եղել են համակարգային։ Ընդ որում, մեր ներկայացրած դիմումի բովանդակությունն էականորեն տարբերվում է նրանով, որ հիմնական շեշտադրումը, անկյունաքարը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն են»,- նշել է նա։
Դրմեյանի խոսքով՝ հատկապես իշխող ուժի կողմից թույլ տրված խախտումների հետևանքով չի ձևավորվել ընտրողների ազատ կամքը, որը հնարավոր կլիներ հավասար պայմանների դեպքում։
«Քվեատուփի ու քվեախցիկի առաջ ընտրություն կատարելիս ընտրողի վրա արդեն նախապես եղել է օրենքով արգելված ազդեցություն՝ այն միջոցներով, որոնց մասին մենք բարձրաձայնեցինք դատաքննության ընթացքում։ Ցավոք սրտի, այդ կասկածները չփարատվեցին»,- նշել է նա։