Սահմանադրական դատարանի որոշումից հետո կտեսնենք՝ ում փաստարկներն են ճիշտ․ ԿԸՀ նախագահ

01 Հուլիսի 2026, 17:52

Քաղաքականություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր տեսակետը ներկայացրել է թե՛ բացատրություններով, թե՛ եզրափակիչ ելույթով։ Ամեն ինչ արդեն ներկայացված է, և Սահմանադրական դատարանի որոշմամբ կպարզվի, թե ում փաստարկներն են ճիշտ, և ումը՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերաքվեարկություն չի նշանակել ընդդիմության մատնանշած երեք խնդրահարույց տեղամասերում և արդյոք դրանով չեն չեղարկվել քաղաքացիների ձայները։

Դիտարկմանը, թե հենց այդ երեք ընտրատեղամասերի արդյունքներով է պայմանավորված եղել, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ մանդատներ ստանալու կամ չստանալու հարցը, ԿԸՀ նախագահը նշել է, թե հարցը տրամաբանական է, և դրան, ինչպես նաև մյուս բոլոր հարցերին, Սահմանադրական դատարանում տրվել են շատ տրամաբանական պատասխաններ։ Սակայն, ըստ նրա, այդ տեղամասերում որևէ քաղաքական ուժի օգտին տրված ձայները չեն ազդել արդյունքների վրա, քանի որ, ըստ Ընտրական օրենսգրքի, այդ արդյունքները համարվել են զրո։

«Այն խախտումները, որոնք արձանագրվել են, Ընտրական օրենսգրքի համաձայն հանգեցնում են նրան, որ տվյալ տեղամասում միակ թիվը դառնում է անճշտությունների թիվը, որը հավասարվում է մասնակցության թվին։ Այսինքն՝ որևէ մեկը չի կարող ասել, թե տվյալ տեղամասում որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Սա իմ անձնական գնահատականը չէ, այլ Ընտրական օրենսգրքի պահանջն է»,- նշել է Հովակիմյանը։