ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները զրկում են Սփյուռքին քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից. Զախարովա
01 Հուլիսի 2026, 17:45
Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները փաստացի արգելում են Սփյուռքին մասնակցել իրենց երկրի և ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են հիմնարար իրավունքից՝ ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նա նշել է, որ սա հիշեցնում է Մոլդովայում տիրող իրավիճակը, որտեղ իշխանությունները քարոզարշավի ընթացքում ամեն ինչ անում էին, որպեսզի Ռուսաստանում գտնվող իրենց հայրենակիցները չկարողանան քվեարկել։
Զախարովան հավելել է, որ հայ հասարակության մեջ նման նախաձեռնություններն իշխանամետ ռեսուրսների կողմից ներկայացվում են որպես «Կրեմլի կողմից իրականացվող առասպելական հիբրիդային հարձակումների» դեմ պայքար։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար։ Ըստ այդմ՝ քվեարկելու հնարավորություն կունենան միայն այն քաղաքացիները, որոնք ընտրություններից առաջ առնվազն 48 օր (արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր) բնակվել են երկրում։ Նախատեսվում է փոփոխություններն ընդունել արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտցնել հաջորդ իսկ օրվանից։