Թրամփը կարող է վերածվել «խոցված օդաչուի» կամ «կաղ բադի». Գեորգի Ասատրյան

Բարձրագույն տնտեսագիտության դպրոցի Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի կենտրոնի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ի համար մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ռուս-ամերիկյան հարաբերություններն ու ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Եվրոպայի քաղաքականությունն ու Հայաստանի դրությունը։

«ԱՄՆ-ն ու Իրանը չկարողացան փոխզիջման գալ, և ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է ցանկացած պահի։ Սակայն ո՛չ Թրամփը, ո՛չ իրանական կողմը շահագրգռված չեն պատերազմով։ Թրամփի համար սա ԱՄՆ պատմության մեջ ամենից քիչ աջակցություն վայելող արշավն է, որի պատճառով նա կորցրեց ազդեցություն ու ռեսուրսներ։ Զինվորականները նրան բացատրեցին, որ այստեղ հաղթանակ լինել չի կարող, իսկ լայնամասշտաբ ներխուժումն անհնար է ներքաղաքական պատճառներով։

Առջևում միջանկյալ ընտրություններն են, և Ներկայացուցիչների պալատի կորուստը լուրջ հարված կլինի, ուստի նա ձգտում է դիվանագիտական հաջողություն ցույց տալ։ Իրանը նույնպես պատերազմ չի ցանկանում. երկիրը մեծ կորուստներ է կրել և վերականգնման կարիք ունի։ Այդուհանդերձ, փոխզիջում դեռևս չի գտնվել, դիրքորոշումները չափազանց տարբեր են։ Իմ կարծիքով՝ ռազմավարական առումով պատերազմը շահել է Իրանը, բայց այժմ երկու կողմին էլ դադար է պետք», — ասել է Ասատրյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Իրանի հետ պատերազմը հաշմանդամ է դարձրել «թրամփիզմը», և միջանկյալ ընտրություններից հետո Թրամփը կարող է վերածվել «խոցված օդաչուի» կամ «կաղ բադի» (քաղաքական անգործունակ գործչի)։

«Պետք է ակնկալել հակամարտության հետագա սրում և Կիևի կողմից հարվածների ուժգնացում, որոնց Ռուսաստանը պատասխանում է համաչափորեն։ Բայց պատերազմն ընթանում է ոչ թե տեղեկատվական դաշտում, այլ գետնի վրա՝ Դոնբասում, որտեղ արձանագրվում է ռուսական զորքերի դանդաղ, բայց մշտական առաջխաղացում դեպի արևմուտք։ Հակահարձակման անցնելու Կիևի փորձերը լուրջ արդյունքներ չեն տալիս. ուկրաինական կողմը կորուստներ է կրում և նահանջում», — նշել է Ասատրյանը։

Եվրոպացիները, քաղաքագետի կարծիքով, սպասում են, թե երբ Թրամփը կլքի Սպիտակ տունը կամ կթուլանա, որպեսզի լիբերալ Արևմուտքի քաղաքականությունը վերադառնա սովորական հուն։

«ԵՄ-ում սպասում են «իրենց Բայդենի» վերադարձին և շարժվում են այդ ուղղությամբ, թեև մոբիլիզացիոն ռեսուրս դեռևս չունեն։ Իրավիճակը ծանր է թե՛ ռազմական տնտեսության մեջ, թե՛ քաղաքականության մեջ։ Եթե ամեն ինչ շարունակի զարգանալ նույն հունով, հակամարտությունը կարող է անխուսափելի դառնալ։ Այդ դեպքում Եվրոպան շանսեր չի ունենա. ոչ ոք չի պատրաստվում քաղաքավարություն խաղալ, և կարող են կիրառվել միջոցներ, որոնց մասին ավելի լավ է չխոսել։ Սա ձգձգված հակամարտություն է, որը զարգանում է սեփական տրամաբանությամբ», — ընդգծել է Ասատրյանը։

Խոսելով Հայաստանի մասին՝ փորձագետը նշել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած զանգվածային խախտումները և ընդգծել, որ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը մեծ ռիսկեր է պարունակում։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ արձանագրվեցին ԱՊՀ երկրների նորագույն պատմության մեջ ամենաանարդար և անօրինական ընտրությունները։ Մենք տեսանք վարչական ռեսուրսի անհավանական կիրառում, ձերբակալություններ, ընդդիմության հարյուրավոր բերման ենթարկված ներկայացուցիչներ։ Դրանք իմ հիշողության մեջ ամենակեղտոտ ընտրություններն էին։ Եվ, իմ կարծիքով, դրանք ցույց տվեցին, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ցանկացած լուրջ քայլ կունենա զգալիորեն ավելի ցածր լեգիտիմություն, իսկ մի շարք դեպքերում ընդհանրապես չի ընկալվի որպես լիգիտիմ։

Երբ երկրի ղեկավարությունը պատրաստվում է պատմական կամ գոնե ռազմավարական մասշտաբի քայլեր ձեռնարկել, նրան անհրաժեշտ է հանրային լեգիտիմության բարձր մակարդակ։ Սակայն ընտրությունների արդյունքները, տոկոսային ցուցանիշները, վարչական ռեսուրսի կիրառումը և այն ողջ մթնոլորտը, որն ուղեկցում էր նախընտրական արշավին, ցույց տվեցին, որ Հայաստանի իշխող էլիտաները նման լեգիտիմություն չունեն։

Հետևաբար, այն ուղին, որը նրանք ընտրել են, իսկ դա, որքան հասկանում եմ, արդեն ակնհայտ կուրս է դեպի Արևմուտք և դեպի ԵՄ (չնայած պարզ է, որ այնտեղ Հայաստանին ոչ ոք չի սպասում, և նա երբեք ԵՄ անդամ չի դառնա), տանում է դեպի լուրջ խնդիրներ։ Այս ուղին, իմ տեսանկյունից, տանում է դեպի դեգրադացիա, բնակչության կրճատում և տնտեսական դժվարություններ։ Հնարավոր է՝ ոչ անմիջապես, բայց պոտենցիալ առումով հենց այս արդյունքին։

Որպես օրինակ կարող է ծառայել Վրաստանը։ Նա նույնպես ժամանակին ակտիվորեն գնաց այդ ճանապարհով, այնուհետև բախվեց հուսախաբությանը և սկսեց հետադարձ շարժումը։ Նա կորցրեց ժամանակ, ռեսուրսներ և ուժեր, բայց, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ ուժ գտնել՝ քաղաքական կուրսը սրբագրելու համար», — եզրափակել է Ասատրյանը։