Իսպանացիները միշտ էլ ֆավորիտ են․ Ռոբերտ Գասպարյանը՝ Իսպանիա-Ավստրիա հանդիպման մասին
02 Հուլիսի 2026, 23:37
Աշխարհի առաջնության շրջանակում Լոս Անջելեսի ամենաթանկարժեք մարզադաշտում՝ «SoFi Stadium»-ում կկայանա մրցաշարի ամենասպասված հանդիպումներից մեկը, որտեղ կմրցեն Իսպանիայի և Ավստրիայի հավաքականները։ «Alpha News»-ի եթերում լրագրող Ռոբերտ Գասպարյանը խոսել է առաջիկա հանդիպման ֆավորիտների, թիմերի հնարավորությունների ու առաջնության անակնկալների մասին:
Ռոբերտ Գասպարյանն ընդգծել է, որ Իսպանիայի հավաքականը միշտ էլ համարվում է ցանկացած խոշոր մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ հիշեցնելով նրանց պատմական հաջողությունները։
«Իսպանացիները միշտ էլ ֆավորիտ են: Հիշենք 2008 թվականը, երբ Լուիս Արագոնեսի գլխավորությամբ նրանց սկզբում լուրջ թեկնածու չէին համարում, բայց նրանք հաղթեցին Եվրոպայի առաջնությունը, ապա 2010-ին՝ Աշխարհի առաջնությունը Հարավային Աֆրիկայում, իսկ 2012-ին կրկին դարձան Եվրոպայի չեմպիոն:
Ինչ վերաբերում է Ավստրիայի հավաքականին, ապա երեկ նախախաղային ասուլիսի ժամանակ ես հարց ուղղեցի թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, և նա նշեց, որ իր ֆուտբոլիստները մեծացել են հենց իսպանական ֆուտբոլի հեգեմոնիայի տարիներին, ու այս հանդիպումը նրանց համար մեծ նշանակություն ունի»,- նշել է Գասպարյանը:
Լրագրողի խոսքով՝ թեև Ավստրիան ավանդաբար չի համարվում ընդգծված ֆուտբոլային երկիր, քանի որ տեղացիներն ավելի շատ նախընտրում են ձմեռային սպորտաձևերը, մասնավորապես՝ լեռնադահուկային սպորտը, սակայն երկիրն ունի «ֆենոմենալ մարզական ենթակառուցվածքներ», որոնք հնարավորություն է ունեցել տեսնելու տարիներ առաջ։