Փառք Աստծո, բայց ինչ ամոթ. Յակով Կեդմին՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Իսրայելի «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ի համար մեկնաբանել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ԱՄՆ-Իրան համաձայնագրի և դրա վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Հայաստան և Ադրբեջան այցի մասին։

«Իմ առաջին արձագանքը երկակի էր՝ փառք Աստծո և ինչ ամոթ: Փառք Աստծո, որ վերջապես կառավարությունը ճանաչեց հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Ամոթ, որովհետև դա արվեց այսքան ուշ: Իսրայելի կառավարությունը հրաժարվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը շահադիտական քաղաքական նկատառումներից ելնելով, և այս որոշումը կայացրեց ոչ թե այն պատճառով, որ հանկարծ հարգանքով լցվեց կամ գիտակցեց հայ ժողովրդի ողբերգությունը: Ո՛չ, դարձյալ հաշվարկ է: Էրդողանը հերթական անգամ իր լկտի ոճով հարձակվեց Իսրայելի վրա՝ Իսրայելին մեղադրելով ցեղասպանության մեջ: Եվ ինչ-որ մեկի մտքով անցավ. «Ա՜հ, ցեղասպանությո՞ւն: Դե եկեք նրան պատասխանենք Հայոց ցեղասպանությամբ»: Դա ստոր, ցածր, զզվելի ու անազնիվ է։

Բայց ես արդեն ասել եմ. Սուրբ Գիրքն ասում է, որ շատ հաճախ սուրբ գործերն արվում են մեղավորների ձեռքերով: Այն, որ հանգամանքները ստիպեցին Իսրայելի կառավարությանը սկսել ճանաչման գործընթացը, լավ է: Բայց պատճառները, որոնցով դա արվեց, ամոթ են հրեա ժողովրդի համար: Ողջ իսրայելական հասարակությունը, բացառությամբ Թուրքիայից եկածների մի փոքր խմբի, միշտ համերաշխություն է հայտնել հայ ժողովրդի ողբերգությանը», — ասել է Կեդմին:

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը, գտնվելով Թուրքիայի ճնշման և Իսրայելի հետ շահավետ համագործակցության միջև, կսահմանափակվի միայն հրապարակային արձագանքով՝ խուսափելով իրական քայլերից, որպեսզի չվնասի իր շահերին:

«Հաշվի առնելով Իսրայելի և Ադրբեջանի սերտ տնտեսական, քաղաքական և ռազմական կապերը՝ Ալիևը հայտնվել է բարդ իրավիճակում: Մի կողմից՝ նրա վրա ճնշում է գործադրում Թուրքիան, որը հիշեցնում է, որ Ադրբեջանը նույնպես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ուստի նա հրապարակայնորեն տարածություն է պահել այդ որոշումից, բայց գործնական քայլեր սպասել պետք չէ.

Իսրայելի հետ համագործակցությունը չափազանց շահավետ է: Բացի այդ, Ալիևն առանց այդ էլ բարդ դրության մեջ է Արևմուտքում։ Դեռևս հոր ժամանակներից Ադրբեջանին մեղադրում են ավտորիտարիզմի և մարդու իրավունքների խախտումների մեջ։ Նրա համար կարևոր է, որ Իսրայելն ու հրեական կազմակերպությունները չուժեղացնեն այդ մեղադրանքները, այլ ընդհակառակը՝ օգնեն հարթել խնդիրները։ Այս տեսանկյունից Իսրայելի հետ հարաբերություններին վնաս հասցնելը ողջամիտ չէր լինի, և լուրջ հետևանքներ սպասել պետք չէ»,- նշել է Կեդմին:

Քաղաքագետի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն օգտագործում են Հայաստանը Ռուսաստանի հետ աշխարհաղաքական առճակատման շրջանակներում:

«Հանկարծ նրանք նկատեցին, որ կա այսպիսի պետություն՝ Հայաստանը։ Եվ առաջին հերթին, իրենց հակառուսական գործողությունների և Հայաստանին իրենց կողմը քաշելու փորձերի շրջանակներում (իսկ հիմա առանձնապես քաշելու կարիք էլ չկա՝ նա ինքն է ձգտում դեպի հակառուսական դիրքորոշում), նրանք որոշեցին ուժեղացնել իրենց դիրքերը Հայաստանում, որպեսզի դա օգտագործեն Ռուսաստանի դեմ։ Ֆոն դեր Լայենը փնտրում էր, թե ինչ կարելի է առաջարկել Հայաստանին։ Նա բարձրացրեց հայկական արտադրանքի հարցը։ Չգիտեմ՝ կոնկրետ ինչ․ հայկական կոնյա՞կ, ուրիշ ի՞նչ, Հայաստանից մրգեր և բանջարեղե՞ն։Բայց Եվրոպան դրանց կարիքը չունի։ Ավելին, դա խնդիր է հենց եվրոպական երկրների համար։ Հայաստանն այսօր արդյունաբերական առումով զարգացած պետություն չէ։

Այո՛, ամերիկացիներն ունեն մեծ, նապոլեոնյան ծրագրեր։ Նրանք խոստանում են Հայաստանին ներդրումներ անել գիտատար արդյունաբերության զարգացման մեջ։ Դա ողջամիտ որոշում է, որովհետև հայ ժողովուրդը տաղանդավոր է այս ոլորտում։ Հարցն այն է, թե Հայաստանի ներկայիս բնակչությունը որքանով կկարողանա օգտվել դրանից և իրացնել այդ հնարավորությունները։

Ամերիկացիները Հայաստանին խոստանում են զուտ տնտեսական օգնություն՝ միլիարդավոր դոլարներ։ Եվրոպան էլ, փորձելով մրցակցել ԱՄՆ-ի հետ, որպեսզի (Աստված մի արասցե) Հայաստանն ավելի ամերիկամետ չդառնա, քան եվրոպամետ է, փորձում է սեփական քայլերն անել։ Բայց պետք չէ Եվրոպային կասկածել Հայաստանի հանդեպ ինչ-որ առանձնահատուկ դրական զգացմունքների կամ Հայաստանին ու հայ ժողովրդին օգնելու և նրա մասին հոգ տանելու անկեղծ ցանկության մեջ։ Դա մենք արդեն տեսել ենք հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում։ Եվրոպան անընդհատ, հերթական անգամ դավաճանել է Հայաստանին և հայ ժողովրդին», — ասել է Կեդմին: