«Արաբո» միության նախաձեռնությամբ խաչքարի տեղադրում Բըրբանքում
03 Հուլիսի 2026, 23:45
Հայաստանում և Սփյուռքում հունիսի 29-ը նշվում է որպես Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր։
1992 թվականի հունիսի 29-ին Արցախի Մարտակերտի շրջանի Լենինավան և Հայկաջուր գյուղերի ուղղությամբ թեժ մարտեր էին ընթանում։ Հայկական մի քանի կամավորական ջոկատներ, այդ թվում՝ «Արաբո», «Արծիվ-13», «Զեյթուն», «Ջրաբերդ» և «Արմավիր», հայտնվել էին շրջափակման մեջ։
Այդ մարտերի հետևանքով շուրջ 79 ազատամարտիկ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Նրանց զգալի մասը «Արաբո» միացյալ ջոկատի կամ դրա կազմում գործող ստորաբաժանումների մարտիկներն էին։
Այս օրը հարգանքի տուրք է մատուցվում անհետ կորած բոլոր ազատամարտիկների, այդ թվում՝ «Արաբո» ջոկատի մարտիկների հիշատակին։
«Արաբո» հայրենասիրական միության նախաձեռնությամբ հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում։ Սարգիս Թադևոսյանի և զինակից ընկերների ջանքերով ՀԱԵ Արևմտյան թեմի առաջնորդարանի հարակից եկեղեցու բակում տեղադրվել է անհետ կորածների հիշատակը հավերժացնող խաչքար։