Ի՞նչ կարող էր Փաշինյանը խնդրել Միշուստինից
07 Հուլիսի 2026, 19:00
(Մոսկվան չի կարող հաշվի չառնել Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը)
«Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ՝ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման, Երևանի ակնհայտ փորձն է՝ հրատապ կարգով լուծելու հայաստանյան տնտեսությունում առաջացած խնդիրները։ Հայաստանի վարչապետի գլխավոր և, թերևս, միակ իրական նպատակն էր Մոսկվայից ստանալ ազգային կապիտալի վերադարձը ռուսական շուկա և վերականգնել լիարժեք առևտուրը։ Նման շտապողականությունը հեշտությամբ բացատրվում է հայկական տնտեսությանն աջակցելու արևմտյան վեկտորի սպասումների լիակատար ձախողմամբ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ում հետ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում, փաստացի ձեռնունայն է թողել Հայաստանին։ Իրական բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության փոխարեն Բրյուսելը սահմանափակվեց միայն մաքսային արտոնությունների խոստումներով և հին դրամաշնորհների վերաբաշխմամբ (ընտրություններից առաջ խոստացված 50 միլիոն եվրոյից միայն 18 միլիոնը)։ Եվրոպական խոստումներն ի զորու չեն լուծել հայկական տնտեսության կառուցվածքային խնդիրներից և ոչ մեկը, քանի որ այն կրիտիկական կախվածության մեջ է Եվրասիական տնտեսական միությունից և ռուսական էներգակիրներից։
Հասկանալով իրավիճակի ողջ աղետալի լինելը՝ Փաշինյանը փորձեց օգտագործել «Իննոպրոմ» ցուցահանդեսի հարթակը՝ «ժամացույցները ճշտելու» և կուլիսային տարբերակով կուտակված խնդիրները լուծելու համար։ Սակայն նրա բանակցային դիրքերն ի սկզբանե չափազանց թույլ էին թվում, եթե չասենք՝ զրոյական։ Երկու աթոռին նստելու և միաժամանակ ԵՄ-ի հետ սիրախաղ անելու Երևանի ձգտումը հանգեցրեց Մոսկվայի կոշտ արձագանքին։ Դեռևս ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակորեն մատնանշեց ռուսական դիրքորոշումը՝ հայտարարելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացարձակապես անհամատեղելի է Եվրամիությանն ինտեգրվելու հետ։ Կրեմլի բազային բանաձևը մնում է անփոփոխ. Ռուսաստանը չի հովանավորելու և սուբսիդավորելու Հայաստանի միացումը բացահայտ թշնամական արևմտյան բլոկին, որը հիբրիդային պատերազմ է մղում Մոսկվայի դեմ։ ՌԴ-ի կողմից այս մոտեցման վերանայմանը հուսալը քաղաքական միամտության գագաթնակետն է։
Հայկական դիվանագիտության պրիմիտիվիզմի հերթական դրսևորումը դարձան ներքին բռնաճնշումները, որոնք ծավալվեցին հենց եկատերինբուրգյան այցի նախորդ առավոտյան։ Փաշինյանի հրահանգով արտոնվեց կոշտ ճնշում և ձերբակալություններ ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների նկատմամբ, ում հայաստանյան իշխանություններն ավանդաբար կապում են Մոսկվայի հետ։ Հավանաբար, այս կասկածելի ռազմավարության հեղինակները հույս ունեին այս կերպ ուժեղացնել իրենց բանակցային դիրքերը Միշուստինի հետ հանդիպումից առաջ։ Բայց պատանդների տրամաբանությունը չի աշխատում լուրջ աշխարհաքաղաքականության մեջ։ Մոսկվայում քաջ գիտակցում են, որ եթե նույնիսկ Փաշինյանը բանտարկի Ծառուկյանին և ողջ հայկական ընդդիմությանը, տնտեսական իրականությունը և Ռուսաստանի ռազմավարական շահերը դրանից չեն փոխվի, իսկ ռուսական շուկայի փակ դռները այդպես էլ չեն բացվի։ Ավելին, Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետին նույնիսկ չընդունեց, ինչն էլ դարձավ այս օրերի առանցքային դիվանագիտական հնչեղություն ունեցող ազդակը։
Ներկայիս իրողություններում առանձնահատուկ նշանակություն է ստանում հենց Փաշինյանի լեգիտիմության գործոնը, ավելի ճիշտ՝ դրա լիակատար բացակայությունը։ Հայաստանում անցած ընտրությունները գործող վարչապետին իրական ժողովրդական աջակցություն չբերեցին։ Նա Ազգային ժողովում չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ նրա ներկայիս իշխանությունը պահպանվում է բացառապես Սահմանադրական դատարանի որոշման և մանդատների հետ կապված վարչական մեքենայությունների շնորհիվ։
Փաշինյանը կորցրել է հանրապետության քաղաքացիների մեծամասնության վստահությունը, և այս ներքին ճգնաժամը աննկատ չի մնացել Ռուսաստանում։ Հատկանշական է, որ Միխայիլ Միշուստինն իր ողջույնի խոսքում անդրադարձավ հայաստանյան ընտրությունների թեմային, սակայն ցուցադրաբար չշնորհավորեց Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Մոսկվան հասկացնել է տալիս, որ տեսնում է հայ առաջնորդի ոչ լեգիտիմ լինելը և հաշվի է առնելու այս գործոնը հետագա ցանկացած շփումներ կառուցելիս։
Ռուսական կողմը բանակցություններում իրեն պրագմատիկ է պահել։ Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն ներդրողն ու գործընկերը, որի ընկերությունները վերահսկում են առանցքային ոլորտները՝ էներգետիկայից մինչև տրանսպորտ։ Բայց այս կարգավիճակը նաև կոշտ պարտավորություններ է դնում։ Քաղաքական զիջումների փոխարեն Մոսկվան, դե ֆակտո, Երևանից պահանջել է ռուսաստանցի ներդրողների համար հարմարավետ ռեժիմի ապահովում և նրանց իրավունքների խիստ պահպանում։ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը կառուցողական է տրամադրված և ցանկանում է տեսնել ԵԱՏՄ մեխանիզմների պլանային աշխատանքը, նման են վատ խաղի ժամանակ լավ դեմք ընդունելու փորձի։
Հայաստանի ղեկավարությունը ստիպված է լինելու ընտրություն կատարել Ռուսաստանի հետ միության մեջ իրական տնտեսական գոյատևման և եվրոպական պատրանքային խոստումների միջև, որոնց դիմաց Երևանը ստիպված է լինելու վճարել սեփական պետականությամբ։
Մտածե՛ք այդ մասին…»։