Մանդատ վերցնելով՝ չենք ընդունում այս իշխանության օրինականությունը․ Սամվել Կարապետյան
07 Հուլիսի 2026, 16:52
Խորհրդարան մտնելը չի նշանակում ընդունել գործող իշխանության օրինականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով խորհրդարանական մանդատները վերցնելու պատճառներին։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ մանդատներ վերցնելով՝ իրենք չեն ճանաչում իշխանության լեգիտիմությունը, քանի որ իշխանությունն ինքն էլ չի ճանաչել իր լեգիտիմությունը՝ մերժելով կրկին ընտրություններ նշանակելուց։
Անդրադառնալով հունիսի 18-ին իր տված խոստմանը՝ համախմբված ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու և ժողովրդի հետ ուղիղ կապ հաստատելու վերաբերյալ, Սամվել Կարապետյանը նշել է, որ գործընթացն արդեն մեկնարկել է և առաջ է գնում պլանի համաձայն։
«Ընդդիմադիր 5 ուժերով արդեն հայտարարություն արել ենք, այլ ուժերից էլ արձագանքներ կան, երբ հարմար համարենք, ընդդիմադիր հարթակը կձևավորվի։ Մենք քայլ–քայլ գնում ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ԱԺ գնալը»,- նշել է նա։
Լրագրողների այն հիշեցմանը, թե նախորդ նիստերից մեկի ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե ՍԴ-ում ընդդիմության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը «գազ տա», ապա ինքը վարչապետ կդառնա, և հարցին, թե ի վերջո ինչը խանգարեց այդ սցենարին, կուսակցության առաջնորդը պատասխանել է․
«Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց էնտեղ «Զապորոժեց» էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»։