Կաթողիկոսին հեռացնելու պատրաստակամությունը ցույց է տալիս Եվրոպայի վերաբերմունքը հայերի հանդեպ․ Պյոտր Կոլչին

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին մեկնաբանել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հայտարարությունը, որը, զրուցելով ռուս հայտնի պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ և կարծելով, թե խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պատրաստակամություն էր հայտնել աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնանկությանը։

«Այս իրավիճակը ցույց տվեց, թե որքան արժեն կրոնի ազատության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ եվրոպական կառույցների հայտարարությունները։ Փաստորեն, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը պատրաստ է պայքարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ Փաշինյանի և նրա հովանավորների հրահանգով։

Չեմ զարմանա, եթե այս գործընթացում ներգրավված լինեն նաև Անկարան և Բաքուն, որոնք ակտիվ համագործակցություն ունեն ԵԱՀԿ-ի հետ։ Ակնհայտ է, որ երբեմնի ինտեգրացիոն կառույցներն այսօր խոր ճգնաժամ են ապրում։ Դրանք վերածվել են բացահայտ թշնամական կառույցների, որոնք իրականացնում են հստակ քաղաքական պատվերներ։ Այս կազմակերպություններն այլևս որևէ առնչություն չունեն ոչ անվտանգության, ոչ էլ ազատության հետ և զբաղված են բացառապես որոշակի շահերի սպասարկմամբ»,- նշել է Կոլչինը։