Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16 Հուլիսի 2026, 13:02
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Համապատասխան հայտարարությունը ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է գերատեսչության պաշտոնական կայքում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախօրեին։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խաղաղության պայմանագրին, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցերին։
«Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք ցուցաբերել պահանջված աջակցությունը Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- նշել են գերատեսչությունում։
Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նրա օրակարգում նախատեսված է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։