Թուրքիայի աջակցությունն Ալիևին վստահություն է տալիս Ռուսաստանին հակադրվելու հարցում. Դմիտրի Ժուրավլյով
16 Հուլիսի 2026, 22:30
Ռուս քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, գիտությունների թեկնածու Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակառուսական հայտարարությունները։
«Ցավոք, ինձ թվում է՝ Ադրբեջանն այնքան է կապվել Թուրքիայի հետ, որ գնալով ավելի է ձգտում լինել ոչ թե մեր դաշնակիցը, այլ հակադրվել մեզ։ Պարզ է նաև, որ Ուկրաինային աջակցելը զուտ քաղաքական քայլ է։ Սա Արևմուտքին ուղղված ազդակ է՝ «մենք ձեզ հետ ենք, մենք ձեր կողմից ենք»։ Իսկ Ուկրաինան այս հարցում յուրօրինակ լակմուսի թուղթ է դարձել, որը հստակ ցույց է տալիս, թե ով է իրական դաշնակիցը, ով՝ ոչ»,- նշել է Ժուրավլյովը։
Քաղաքագետի կարծիքով՝ եթե չլիներ Ռուսաստանը, այսօր Ադրբեջանը՝ որպես միասնական պետություն, ամենայն հավանականությամբ, պարզապես գոյություն չէր ունենա։
«Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի վստահությանը, ապա դրա հիմքում Թուրքիայի աջակցությունն է։ Հենց Անկարայի աջակցությունն է նրան հույս տալիս, որ կարող է անվտանգ ու անպատիժ կերպով հակադրվել Ռուսաստանին։ Ավելին՝ այն ամենը, ինչ հնարավոր էր ստանալ Ռուսաստանից, Ադրբեջանն արդեն ստացել է դեռ 1990-ականներին։ Եթե չլիներ Ռուսաստանը, այսօր, ամենայն հավանականությամբ, միասնական Ադրբեջան չէր լինի։ Բայց այդ լավությունը, նրա պատկերացմամբ, արդեն արվել է և մնացել է անցյալում»,- ասել է Ժուրավլյովը։