Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը

22 Նոյեմբերի 2026, 12:05

Մշակույթ

Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որն առաջին անգամ այս հարթակում ներկայացնում է նախաքրիստոնեական Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։ Ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի ավելի քան 170 ցուցանմուշ և Հունաստանի ու Կիպրոսի թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշ։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հունաստանի մշակույթի նախարարության և Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ՝ 2026 թվականի փետրվարին ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում երկու թանգարանների միջև կնքված հուշագրի շրջանակում։

Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին, ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը։ Ելույթներում կարևորվել է հայ-հունական մշակութային երկխոսությունն ու պատմական փոխազդեցությունները՝ ուրարտական և հելլենիստական շրջաններում։

Արարողությանը մասնակցել են դիվանագետներ, պետական ու ակադեմիական գործիչներ, հոգևորականներ՝ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանի գլխավորությամբ, և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը, մուտքն ազատ է։ Ցուցադրության ընթացքում կկազմակերպվեն նաև հայկական մշակութային կատարումներ, դպրոցական այցեր և ազգային խոհանոցի ներկայացումներ։