ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ
17 Հուլիսի 2026, 11:50
Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մասնավոր մանկապարտեզներից մեկում վեցամյա երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի առթիվ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դայակը երեխային քաշել է այտերից, ինչից հետո վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է։
Ինչպես Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ «անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն»։
Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը մինչև 2 տարի ազատազրկումն է։
Քննության շրջանակում արդեն նշանակվել են անհրաժեշտ փորձաքննությունները։