Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակը Թուրքիայի վրա ճնշում գործադրելն է․ Կարեն Ջինբաշյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնական նպատակը Թուրքիայի վրա ճնշում գործադրելն է։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է ANCA Արևմտյան գրասենյակի մամլո քարտուղար Կարեն Ջինբաշյանը։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի Անկարան ի վերջո պատասխանատվություն ստանձնի իր գործած ոճրագործության համար, որը մինչ օրս համառորեն ժխտում է։

Խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, որը ներկայումս անորոշ ժամանակով սառեցված է, Ջինբաշյանն ընդգծել է, որ թեև ցանկացած երկրի կողմից ճանաչումը մեծ նշանակություն ունի հայության համար, Իսրայելի քայլն այս հարցում առանձնահատուկ կշիռ ունի։

«Իսրայելի կողմից Ցեղասպանության թեմայի արծարծումը հաշվարկված քայլ էր՝ ուղղված Թուրքիայի դեմ։ Թել Ավիվը ցանկանում էր ցույց տալ, որ ինքը նույնպես տարածաշրջանում ազդեցիկ ուժ է։ Դա յուրօրինակ ազդակ էր Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի վեհաժողովից և Թրամփի աջակցությունից հետո կարծում է, թե Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում միակ ազդեցիկ խաղացողն է։ Իսրայելը հասկացրեց, որ դա այդպես չէ, և ինքը նույնպես կարող է լուրջ դերակատարում ունենալ տարածաշրջանային մեծ խաղում»,- հավելել է Ջինբաշյանը։

Հիմա եթերում