Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է մինչև վերջ պայքարել․ Աբբաս Ջումա

Ռուսաստանցի միջազգային լրագրող Աբբաս Ջուման Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության նոր սրացումը, Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանում TRIPP նախագծի իրականացման հեռանկարները։

Փորձագետի խոսքով՝ Իրանը չի վախենում պատերազմից, սակայն անկեղծորեն ձգտում է խաղաղության։

«Իրանն, անկասկած, խաղաղություն է ցանկանում։ Նա ձգտում է պայմանավորվածությունների և մշտապես ցույց է տալիս այդ պատրաստակամությունը՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության կողմից բանակցային գործընթացի նկատմամբ առկա դժգոհությանը։ Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս հոգևոր առաջնորդները բազմիցս հայտնել են իրենց թերահավատությունը Արևմուտքի հետ բանակցությունների նկատմամբ։

Իրանը պատերազմը չի ցանկանում։ Նա չի վախենում պատերազմից, բայց անկեղծորեն չի ցանկանում այն։ Այդ պատճառով, չնայած կուտակված փորձին և Միացյալ Նահանգների նկատմամբ անվստահությանը, Իրանի ղեկավարությունը կրկին ու կրկին ընտրում է դիվանագիտության ճանապարհը։ Քանի որ դիվանագիտության այլընտրանքը լայնածավալ պատերազմն է, իսկ Թեհրանում փորձում են ամեն կերպ խուսափել դրանից։

Դա պայմանավորված է նրանով, որ խոսքը հազարավոր, գուցե նույնիսկ միլիոնավոր իրանցիների կյանքերի մասին է։ Այդ պատճառով նրանք բոլոր հնարավոր միջոցներով, երբեմն նույնիսկ սեփական արժանապատվության և որոշ չափով ազգային շահերի հաշվին, փորձում են կանխել պատերազմը։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք պատրաստ չեն պատերազմի։ Նրանք հասկանում են, որ իրենց ջանքերը կարող են բավարար չլինել, քանի որ այդ «գազանի» հետ պայմանավորվելը չափազանց բարդ է, եթե ոչ՝ անհնար», -նշել է Ջուման։

Հիմա եթերում