Իրանի Մեջլիսը պատրաստ է անհապաղ ընդունել միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին օրենքը

23 Նոյեմբերի 2026, 18:46

Քաղաքականություն

Իրանի խորհրդարանը՝ Մեջլիսը, պատրաստ է արտահերթ կարգով ընդունել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) երկրի դուրս գալու վերաբերյալ օրինագիծը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին։

Նրա խոսքով՝ պատգամավորներն արդեն մշակել են անհրաժեշտ փաստաթղթերը և պաշտոնապես գրանցել դրանք Մեջլիսի օրենսդրական նախաձեռնությունների շտեմարանում։

Ազիզին ընդգծել է, որ օրենսդիրներն ունեն այս նախաձեռնությունն ընդունելու «անհրաժեշտ վճռականությունն ու հաստատակամ կամքը», հենց որ երկրի բարձրագույն ղեկավարությունը պետական մակարդակով կայացնի համապատասխան քաղաքական որոշում։ Նա հավելել է, որ նման որոշման դեպքում խորհրդարանն անմիջապես կստեղծի անհրաժեշտ իրավական հիմքեր, որպեսզի պատկան մարմինները կարողանան իրականացնել պայմանագրից դուրս գալու գործընթացը։